Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարությունը արտակարգ նիստ է գումարել, որտեղ հայտարարություն է ընդունվել Իսրայելի ագրեսիայի վերաբերյալ: Հայտարարության մեջ ասվում է, թե հարձակումը բացում է դռները ամեն տեսակ վտանգի առջեւ: Փաստաթուղթն ընթերցել է տեղեկատվության նախարար Օմրան Ազ-Զոուբին` հաստատելով, որ մայիսի 5-ի գիշերը Իսրայելը հարձակում է գործել Սիրիայի ռազմական օբյեկտների վրա:
Սիրիական կողմը նշել է, թե պաշտոնական Դասմասկոսը վաղուց էր նշել Իսրայելի կապը ծայրահեղականների հետ:
Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ պետական գործակալությունը, գիշերը Դամասկոսում` Ալ-Գամա շրջանի մերձակայքում պայթյուններ են լսվել: Նախնական տվյալներով, պատճառը Ջամրայա շրջանում Գիտահետազոտական կենտրոնի վրա Իսրայելի հրթիռային հարվածն է եղել:
«Իսրայելի տվյալ ագրեսիան կրկին հաստատում է Սիրիայի դեմ դավադրությունը, նաեւ ցույց տալիս, որ զինված խմբավորումները ներգրավված են իսրայելական ագրեսիվ պլաններում, որին աջակցում են Արեւմուտքի, տարածաշրջանի եւ Արաբական ծոցի որոշ երկրներ: Իսրայելական նոր ագրեսիան իրականացվել է զինված խմբավորումներին աջակցություն ցուցաբերելու փորձերի ֆոնին, եւ հաստատում է սիոնիստական զավթիչների ներգրավվածությունը Սիրիայի դեմ դավադրությանը»,- ասվում է Սիրիայի կառավարության խոսափող ՍԱՆԱ-ի հաղորդագրության մեջ:




























