Թուրքիայում գեներալների զանգվածային ձերբալությունների հետ կապված հասարակության ուշադրությունը սեւեռվել է երկրի նախագահ Աբդուլա Գյուլի այսօր կազմակերպած առանցքային հանդիպմանը:
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ` Թուրքիայի նախագահը կազմակերպել է եռակողմ հանդիպում նախագահական նստավայրում: Աբդուլա Գյուլի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Իլքեր Բաշբուղի հանդիպումը տեղի կունենա փետրվարի 25-ին ժամը 11-ին:
Նշենք, որ «Մեծ մուրճ» գործողությունների նախագծի շրջանակներում ձերբակալվել են 21 գեներալ եւ 28 բարձրաստիճան զինվորականներ։ Նրանցից 7-ի դեմ արդեն մեղադրանք է ներկայացվել, իսկ 6 հոգի էլ ստորագրությամբ ազատ են արձակվել։
Թուրքական Taraf-ի կողմից հրապարակված փաստաթղթերի համաձայն՝ «Մեծ մուրճ» գործողությունների ծրագիրը իր մեջ ներառում էր եւս չորս ծրագրեր, որոնց արդյունքում պետք է ռազմական հեղաշրջում տեղի ունենար։ Զանգվածային ձերբակալությունների առնչությամբ արդեն մտահոգություն է հայտնել Եվրոպական միությունը:



















