Մայիսի 5-ի գիշերը, Երեւանի քաղաքապետարանի ավագանու ընտրություններից հետո, մայրաքաղաքի մի շարք համայնքներում կազմակերպվել են հրավառություններ, ինչի հետեւանքով խախտվել է բնակիչների հանգիստն ու անդորրը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
«Հիշեցնենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180 հոդվածի 2-րդ մասի համաձայն` գիշերային ժամերին, ժամը 23-ից մինչեւ ժամը 7-ն ընկած ժամանակահատվածում, հրագործական առարկաների օգտագործումն առաջացնում է վարչական պատասխանատվություն:
Այս պահի դրությամբ արդեն իսկ վարչական պատասխանատվության են ենթարկվել համակեցության կանոնները խախտած երեք անձինք:
Մյուս իրավախախտներին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Ոստիկանությունը հավաստիացնում է, որ նրանք նույնպես կհայտնաբերվեն ու կենթարկվեն պատասխանատվության»,- նշել է նա:




























