Պետական հեղաշրջում կազմակերպելու մեղադրանքով չորեքշաբթի երեկոյան դատարանի որոշմամբ ձերբակալվել են եւս ութ թուրք սպաներ, որոնցից երեքը՝ պաշտոնաթող, հաղորդում է Cihan գործակալությունը:

Նրանց թվում է պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Յավուզ Յալչինը եւ փոխծովակալ Իզզեթ Օջակը:

Հիշեցնենք, որ նախօրեին՝ փետրվարի 24-ին Ստամբուլի դատարանը ձերբակալման թույլտվություն է տվել մոտ 50 գործող եւ պաշտոնաթող սպաների նկատմամբ, որոնք ձերբակալվել են պետական հեղաշրջում կազմակերպելու մեղադրանքով: Փետրվարի 22-ին ձերբակալվել են 49 բարձրաստիճան զինվորականներ, որոնցից 21-ը՝ գեներալներ:

Նշենք, որ 2003 թվականի հեղաշրջման կազմակերպման հետաքննությունը սկսվեց Taraf թերթում աղմկոտ հրապարակումներից հետո: Հեղաշրջումը, որ կրում էր «Մեծ մուրճ» անունը, նախատեսում էր Ստամբուլում մզկիթներ պայթեցնելով, նաեւ Էգեյան ծովի վրա սեփական կործանիչը գցելով ու մեղքը բարդելով հույների վրա, Թուրքիայի կառավարությանը մեղադրել թուլության համար եւ իրականացնել հեղաշրջում: