Օրերս Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողներն «Արտակարգ իրավիճակներ եւ քաղպաշտպանության հիմնահարցեր» առարկայի շրջանակում այցելել էին Հայաստանի ԱԻ նախարարություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ այցի ընթացքում ուսանողները եղել են նախարարության մի շարք ստորաբաժանումներում, ծանոթացել դրանց կառուցվածքին ու հիմնական գործառույթներին։
«Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության մասնագետները պատկերային ներկայացումների միջոցով ուսանողներին ծանոթացրել են երկրաշարժից պաշտպանվելու վարքականոններին` մանրամասն պատմելով, թե ինչ է անհրաժեշտ անել երկրաշարժից առաջ, դրա ժամանակ եւ հետո:
Խոսելով անվտանգության կանոնների մասին` մասնագետներն ապագա մանկավարժներին հորդորեցին երկրաշարժի հետեւանքները նվազագույնի հասցնելու համար լինել առավել տեղեկացված:
Անդրադարձ է եղել նաեւ երկրաշարժի դեպքում պատվարների անվտանգությանն ու ջրամբարների վրա սեյսմիկ ազդեցության միջազգային փորձին:
Ուսանողների հաջորդ հանդիպումը Հատուկ հրշեջ ջոկատի անձնակազմի հետ էր։ Ջոկատում ուսանողներին պատմել են տագնապի եւ հրդեհաշիջման ժամանակ տարվող աշխատանքների, ինչպես նաեւ հրշեջ եւ փրկարարական մեքենաների դասակարգման եւ արտակարգ իրավիճակներում դրանց արձագանքման գործընթացի մասին:
Հատկապես հետաքրքիր էր ծանոթանալ հնացած թթվածնային մեկուսիչ հակագազերին փոխարինած «Պրոֆի» տիպի շնչառական ապարատների կիրառության ձեւին:
ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ուսանողները ծանոթացել են կենտրոնի աշխատանքներին եւ տեխնիկական հնարավորություններին:
Այստեղ ուսանողներին ներկայացրել են, թե ինչպես են նախարարության ստորաբաժանումներն իրական ժամանակում տարբեր համակարգերի միջոցով վերահսկում բնական եւ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակները:



























