Երեւանի պետական համալսարանը 2013-14 թ.թ. դիմող անձանց համար բարձրացրել է ուսման վարձերը: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց համալսարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Կարեն Գրիգորյանը:
Նրա տեղեկացմամբ՝ բակալավրիատի ուսման նվազագույն վարձ է սահմանվել 400 հազ. դրամը՝ նախկին 300 հազ. դրամի փոխարեն: «3-4 տարի վարձավճար գրեթե չէինք փոփոխել, ամենացածր վարձավճարները մեզ մոտ էին: Այս փոփոխություններից հետո էլ համալսարանի 59 մասնագիտություններից 32-ում սահմանել ենք նվազագույն վարձավճար, այդ թվում՝ բնագիտական ողջ թեւը եւ հումանիտարի զգալի մասը»,- ասաց Կ. Գրիգորյանը:
Մագիստրատուրայում եւս ուսման վարձերը բարձրացվել են 20-100 հազ. դրամով՝ գրեթե հավասարեցվելով բակալավրիատի չափերին:
Ըստ Կ. Գրիգորյանի՝ ուսման վարձավճարները հավասարեցվել են պետական պատվերով սահմանված վարձավճարների չափերին:
Իրավագիտության ուսման վարձը սահմանվել է 800 հազ. դրամ՝ նախկին 700 հազ. դրամի համեմատ: Սա ամենաբարձր վարձավճարն է:
ԵՊՀ-ն պատրաստվում է նաեւ բարձրացնել դասախոսների աշխատավարձը, քանի որ, ըստ Կ. Գրիգորյանի, դրա համար այլ ֆինանսական ռեսուրսներ չկան, իսկ համալսարանում առկա է երիտասարդ կադրերի արտահոսք:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























