Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու համար։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Փաստինֆո»-ից: Լրատվամիջոցի տեղեկություններով` քրեական գործով նախաքննությունն իրականացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։
«Խոսքը գնում է միլիոնների հափշտակության մասին։ Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, մի քանի համայնքների ղեկավարներից նախկին մարզպետը պահանջել եւ ստացել է համայնքներում դիզելային վառելիք ստացող շահառուների վերաբերյալ հաշվետվություններ, որոնք, ըստ իրավապահների եղել են կեղծ, որի արդյունքում դիզելային վառելիքն իրականում չի բաշխվել, իսկ սուբսիդավորման համար նախատեսված գումարներն էլ հափշտակվել են»,- հայտնում է կայքը։
Հիշեցնենք, որ վառելիքի հետ կապված չարաշահումներ հայտնաբերվեցին նաեւ ճանապարհային ոստիկանությունում, որի արդյունքում ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը դատապարտվեց երկարատեւ ազատազրկման եւ առ այսօր պատիժ է կրում քրեակատարողական հիմնարկում։



























