Երեւանում մայիսի 7-10-ին առաջին անգամ կանցկացվի «Երեխաների շրջանում թերաճության նվազեցման նպատակով ազգային ռազմավարությունների ուժեղացումը» թեմայով տարածաշրջանային աշխատաժողով, որին կմասնակցեն Հայաստանի, Վրաստանի եւ Ալբանիայի կառավարությունների, միջազգային եւ հասարակական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Յուրաքանչյուր երկիր հնարավորություն կունենա ներկայացնելու իր փորձը, կլինեն համատեղ քննարկումներ եւ կնախանշվեն նպատակային այն ռազմավարություններն ու գործողությունները, որոնք առավել արդյունավետորեն կարող են լուծել առկա խնդիրները։
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանին այսօր՝ մայիսի 6-ին, այս ամենի մասին տեղակացրեցին ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Նունե Մանգասարյանը։ Նրանք Դերենիկ Դումանյանին, ընդհանուր առմամբ, ներկայացրեցին մայրերի եւ երեխաների սնուցման բարելավման ուղղությամբ միջազգային զարգացումները, այդ թվում` հղիության ընթացքում սնուցման բարելավմանն ուղղված «Հազար օր» նախաձեռնությունը։ Նաեւ կարեւորեցին, որ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի 2014-2017թթ. համաշխարհային ծրագրերի 7 հիմնական գերակայություննարից 4-ը վերաբերում է առողջապահական հարցերին, այդ թվում` մայրերի եւ երեխաների սնուցման բարելավմանը։
Ողջունելով իր հյուրերին, ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանը նշեց, որ Հայաստանը եւս, կարեւորելով երեխաների եւ մայրերի սնուցման բարելավման խնդիրը, հանդես է գալիս մի շարք նախաձեռնություններով։ ՀՀ կառավարությունը հաստատել է ցորենի ալյուրի հարստացման ծրագիրը, իսկ ՀՀ Ազգային ժողովը վերջերս առաջին ընթերցմամբ ընդունել է «Երեխաների կրծքով կերակրման եւ մանկական սննդի շրջանառության մասին» օրենքի նախագիծը։
Ի լրումն այլ նախաձեռնությունների` Դերենիկ Դումանյանը նաեւ ասաց, որ ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկություն է ներկայացրել 2014-2016թթ. ՄԺԾԾ-ում ընդգրկել «Վաղ տարիքի երեխաների սնուցման բարելավման ծրագիրը», ըստ որի միջին ժամկետ հատվածում նախատեսվում է թերսնուցման նվազեցման նպատակով իրականացնել հանրային իրազեկման աշխատանքներ։ Նա հույս հայտնեց, որ կաեւոր այս խնդրի շուրջ կշարունակվի ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ արդյունավետ համագործակցությունը եւ հաջողություններ մաղթեց «Երեխաների շրջանում թերաճության նվազեցման նպատակով ազգային ռազմավարությունների ուժեղացումը» տարածաշրջանային աշխատաժողովի կազմակերպիչներին եւ մասնակիցներին։




























