Հայաստանի ՊՆ թիվ N զորամասի զինծառայող 19-ամյա Նիկոլայ Հունանյանը ծառայությունից ժամանակավորապես խուսափելու համար սրածայր բիզով դիտավորությամբ ինքն իրեն վնասել է: Սյունիքի մարզի ընդհանուր իրվասության դատարանից NEWS.am-ը տեղկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 19-ամյա Նիկոլայ Հունանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով թիվ N զորամասի զինծառայող, զինվորական ծառայության պարտականություններ կատարելուց ժամանակավորապես խուսափելու նպատակով իր մոտ գտնվող սրածայր բիզով դիտավորությամբ ինքն իրեն պատճառել է վնաս՝ առողջության կարճատեւ քայքայումով:

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեկան օրենսգրքի 363  հոդվածի 1-ին մասով (իրեն որեւէ վնասվածք պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի, կեղծ փաստաթղթեր օգտագործելու կամ խաբեության այլ միջոցով կամ ապօրինի այլ եղանակով զինծառայողի կողմից զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց ժամանակավորապես խուսափելը): Սույն հոդվածը պատժվում է կալանքով` առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով:

Գործը դատարան է ստացվել մայիսի 2-ին: Առաջիկայում կնշանակվի նոր դատական քննության օրը: