Մենք ստացել ենք շատ լուրջ վստահության քվե  եւ դա շատ պարտավորեցնող է։ Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, լրագրողների հետ ճեպազրույցում  ասաց ՀՀԿ  նախընտրական շտաբի ղեկավար, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նա շեշտեց, որ եւս մեկ անգամ մայրաքաղաքի հասարակությունը ցույց է տվել, որ վստահում է  գործին, տեսնում է իրականացված աշխատանքը։

«Մեր քաղաքական թիմը՝ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, անելու է տասնապատիկը»,- ասաց նա՝ հավելելով, որ տրամադրությունը շատ բարձր է, ամեն ինչ նորմալ է, շուրջ  235 հազար քվեն պարտավորեցնող է, եւ այլ ելք չունեն, պետք է ավելի լավ աշխատեն, որպեսզի ունենան ավելի Երեւան։ Նա վստահ է, որ իրենց քաղաքական թիմը ամեն ինչ անելու է դրա համար։

Ինչ վերաբերում է ՀԱԿ շտաբի ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարությանը, որ ընտրությունները անցել են կեղծիքներով, կան տեղամասեր, որտեղ հարյուրավոր քվեաթերթիկներ են կորել եւ այլն, մամուլի խոսնակն ասաց, որ չի ցանկանում ժամանակ ծախսել այն մարդկանց վրա, որոնք վեր են ածվել այլ քաղաքական ուժի վերջին վագոնի։ Մամուլի խոսնակը շնորհակալություն հայտնեց լրատվամիջոցներիին, քաղաքացիներին, որոնք ակտիվորեն մասնակցել են ընտրություններին եւ ձայն տվել Տարոն Մարգարյանին։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am