Նախընտրական շրջանը կարելի է բնորոշել վարչական ռեսուրսի ինտենսիվ ներգրավվածությամբ ոչ միայն Երեւան քաղաքում, այլեւ մարզերում: Այս մասին մայիսի 6-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

«Զանգվածային կուտակումներ են տեղի ունեցել գրեթե բոլոր ընտրատեղամասերի մոտ: Մարդկանց ուղղորդել են, թե ում օգտին քվեարկել , իսկ ոստիկանությունը այդ ընթացքում հիմնականում ոչինչ չի ձեռնարկել»,-ընդգծել է Ավետիք Իշխանյանը, հավելելով, որ մարդկանց ավտոմեքենաներով բերել են ընտրության:

Նրա խոսքով, առկա են եղել հոգեբանական ճնշման բազմաթիվ դեպքեր` ընտրական հանձնաժողովների անդամների կամ վստահված անձանց կողմից, խոչընդոտվել են դիտորդների եւ լրատվամիջոցների աշխատանքը:

Ինչպես հաղորդել է Իշխանյանը, տեղի դիտորդական առաքելությունների ներկայացուցիչները համաձայնության են եկել այն հարցի շուրջ, որ այս ընտրություններում իրավախախտումների իրականացման համար մեծամասամբ կիրառվել են որոշ դիտորդական առաքելություններ: «Մասնավորապես, 3 հասարակական կազմակերպություններ` «Էրեբունի» համայնքի զարգացման կենտրոնը, Սոցիալական եւ տնտեսական իրավունքի կենտրոնը եւ «Մարդու իրավունքների եւ հումանիտար խնդիրների քաղաքականության միջազգային ասոցիացիան», աշխատել են ՀՀԿ-ի համար»,-ասել է նա, հավելելով, որ կուսակցության վստահված անձանց եւ այդ կազմակերպությունների ներկայացուցիչների միջեւ որեւէ տարբերություն չի եղել: Ավետիք Իշխանյանն ընդգծել է, որ 1 գրանցված ՀԿ` «Համահայկական երիտասարդական ասոցիացիան», աշխատել է ԲՀԿ-ի համար:

Եզրափակելով դիտորդական առաքելության արդյունքները` նա հայտարարել է, որ մայիսի 5-ին կայացած ավագանու ընտրությունները բացարձակապես չեն համապատասխանել ժողովրդավարության չափանիշներին: «Իմ կարծիքով, ընտրության արդյունքները ցույց տվեցին, որ իշխանությունները լրջորեն էին նախապատրաստվել դրանց եւ կիրառել են իրենց բոլոր ռեսուրսները , ինչի արդյունքում Տարոն Մարգարյանը հաղթեց Սերժ Սարգսյանին»,-եզրափակել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահը: