Սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի հայրը հանդիպել է Երեւանի նոր ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի հետ եւ գոհ է նրա աշխատանքից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գեւորգ Մհերյանի հայրը` Պետրոս Մհերյանը: 

Նա համեմատություն անցկացրեց իր որդու եւ Պռոշյանի գյուղապետի սպանությունների միջեւ՝ նշելով. «Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության հենց առաջին օրը կասկածյալին բերման ենթարկեցին, նրանց միանգամից դեմքից, քթից  կրակոցի արգասիքներ վերցրեցին: Իսկ Գեւորգի գործով կասկածյալին` Գրիգոր Իգիթյանին, բերման ենթարկեցին ու ոչինչ չարեցին: Դա ի՞նչ է նշանակում: Ինչ է, երեք տարի առաջ մենք նախնադարո՞ւմ էինք ապրում: Իհարկե՝ ոչ: Այս դեպքում արգասիքները վերցրել էին, որովհետեւ ունեին բացահայտելու միտում, իսկ Գեւորգի դեպքում՝ ոչ»,- նշեց սպանված փոխոստիկանապետի հայրը: Միաժամանակ նա նշեց, որ ներկա պահին իրավապահների մասնավորապես Վլադիմիր Գասպարյանի, Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի, Վահագն Հարությունյանի եւ քննիչի աշխատանքից շատ գոհ է: «Նրանք լուրջ են գործին տրամադրված եւ գործը գլխիվայր շրջել են: Նրանք հոգատարություն ունեն, մարդկային տարր կա: Ես զգում եմ, որ նրանց մեջ հոգի կա, իրենց գործին տիրապետում են եւ միաժամանակ հոգով ոստիկաններ են, ոչ թե Ալիկի թիմի նման: Ալիկն ամպագոռգոռ խոստանում էր  եւ ասում, թե գործը բացահայտված է, բայց իրականում գործը փակեցին: Այինիչ Վլադիմիր Գասպարյանի թիմը խոսք չի տալիս, բայց զգում եմ, որ աշխատում են: Այս առումով տարբերությունը շատ մեծ է»,-ասաց Մհերյանը:

Հիշեցնենք, որ փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանն սպանվել է փետրվարի 3-ին ժամը 20.15-ին, Երեւանի Բարբյուս փողոցի 65 շենքի (Կիեւյան կամրջի հարեւանությամբ գտնվող «Օլիմպիա» մոթելի դիմաց) 7-րդ հարկի միջանցքում` վերելակից դուրս գալուց հետո։ Մհերյանի վրա արձակվել է ութ կրակոց, որոնցից հինգն են նրան դիպել։ Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել են 9 մմ տրամաչափի 8 պարկուճ եւ չորս գնդակ։ Ավելի ուշ պարզվել էր, որ Գեւորգ Մհերյանին մարդասպանը դարանակալել էր զոհի բնակարանի հարկաբաժնի վերելակի մոտ։ Երբ Մհերյանը վերելակից դուրս է եկել, մարդասպանն անմիջապես դիմահար կրակել է նրա կրծքին եւ գլխին։ Մարդասպանի արձակած ութ կրակոցների ձայնը լսելի է եղել Մհերյանի հարկաբաժնում ապրող բնակիչներին։ Սակայն նրա հարեւանները մի քանի րոպե վախեցել են տանից դուրս գալ, ինչի արդյունքում մարդասպանին հաջողվել է հանցագործության վայրից աննկատ հեռանալ: Պետրոս Մհերյանը ասել էր նաեւ, որ Գեւորգ Մհերյանին սպանած մարդասպանին  սպանությունից րոպեներ առաջ տեսնող է եղել, սակայն նրա եւ կասկածյալի միջեւ առերեսում չեն կատարել: Ի դեպ, Պետրոս Մհերյանը փոխանցել էր, որ Գեւորգ Մհերյանը մեկ USB-կրիչ է ունեցել: Այնինչ` ոստիկանության փաստերով երեք USB-կրիչ է առկա: «Ես իմ տղայի ձեռքում մեկ ֆլեշկա եմ տեսել, որին շատ խնամքով էր վերաբերում եւ միշտ իր մոտ էր պահում: Դեպքից երկու օր առաջ էլ ասաց, որ նախագահին զեկուցելու շատ կարեւոր ինֆորմացիա ունի: Սպանությունից հետո էլ մի շարք պաշտոնյաներ ինձ ասացին, որ այդ ֆլեշկայի մեջ այնքան կարեւոր ինֆորմացիա կար, որ եթե Սերժ Սարգսյանին հասներ, մի շարք մարդկանց գլուխներ կթռնեին: Երբ ես սկսեցի ֆլեշկեն ման գալ, որոշ ժամանակ անց կանչում են հարսիս եւ ասում, թե սա այն ֆլեշկան է, որը հայրը ման է գալիս: Սակայն հիմա ոչ մեկը չկա: Բայց, ոչ միայն ֆլեշկեքը չկա, այլեւ ֆաքսը, եւ սպանության օրը Գեւորգի անցած ճանապարհների տեսաձայնագրություննեը: Վերացրել են, որ չտեսնենք, թե ինչ մեքենաներ են նրա հետեւից գնում: Իսկ ես լուրջ կասկածներ ունեմ, որ այդ տեսանյութերի մեջ կա այն մարդը, ում փորձում են կոծկել»,- մանրամասնել էր Պետրոս Մհերյանը: