Րաֆֆի Հովհաննիսյանը չկարողացավ կապիտալիզացնել ընդդիմադիր ընտրազանգվածի ռեսուրսը: Նման կարծիք մայիսի 6-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով, նախագահական ընտրությունների ժամանակ Երեւանում հավաքելով 43 տոկոս ձայն` Րաֆֆի Հովհաննիսյանը չկարողացավ պահպանել այդ ցուցանիշը եւ ընդամենը ամիսներ անց նրա շուրջ համախմբվեց ընդամենը սեփական ընտրազանգվածը: «Փետրվարին կայացած նախագահական ընտրություններում հավաքած 37 տոկոսը գրեթե նույն ցուցանիշն է, ինչ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Արթուր Բաղդասարյանի` 2008-ին ստացած 21 եւ 17 տոկոսներն են: Այլ կերպ ասած, նույն բողոքող ընտրազանգվածը, չհաշված դաշնակներին:
Նրան չհաջողվեց մոբիլիզացնել ուժերը»,-ընդգծել է Իսկանդարյանը: Այնուամենայնիվ, իշխող ուժից պարտություն կրելը չպետք է ոչ լավ, ոչ վատ համարել. դանից պետք է եզրահանգումներ անել: «Երբեմն քաղաքական գործիչներից լսում եմ, որ իշխանական կուսակցության հաղթանակն անարդար է: Մյուս կողմից, ի՞նչ են արել իրենք այդ իրավիճակը փոխելու համար: Մտածե՞լ են արդյոք իրենց ռեսուրսների մասին` առաջին հերթին մարդկային: Չէ՞ որ վերջին նախագահական ընտրությունների ժամանակ ընդդիմությունն անգամ բավականաչափ դիտորդներ չուներ բոլոր ընտրատեղամասերում: Իսկ նման ռեսուրսներ ունենալով` հաղթանակի մասին մտածելն իրատեսական չէ»,-ասել է Իսկանդարյանը:




























