«Բարեւ, Երեւան» դաշինքը մտադիր է ապահովել ընտրողների ձայների վերահաշվարկը մի քանի հարյուր տեղամասերում: Այդ մասին մայիսի 6-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանը:
Նրա խոսքով, վերահաշվարկը թույլ կտա որո փոփոխություններ իրականացնել քվեարկության արդյունքներում: նա նաեւ նշել է, թե վերահաշվարկի գործընթացը վերահսկելը բավական բարդ է: Հաճախ մի ուժի օգտին քվեարկած քվեաթերթիկները հայտնվում են մյուսի կապոցի մեջ. «Այսպես, մի տեղամասում ՀՀԿ ձայներն ավելացվել էին 10-ով, ՀԱԿ-ի օգտին քվեարկված քվեաթերթիկները հայտնվել էին ՀՅԴ-ի կապոցում»:
Բացի այդ, նրա կարծիքով, վերահաշվարկի կազմակերպումը թույլ կտա հստակեցնել ընտրացուցակները: Նա նշել է, թե «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչների մոտ ընտրացուցակներ է հայտնաբերվել, որտեղ մարդկանց անունների կողքին պլյուսներ եւ մինուսներ են եղել. «Պետք է պարզել, թե ինչ է դա, ինչ համարներ են, կան արդյոք նման մարդիկ, երկրում են, թե ոչ»:
Ընդ որում, նա խոստովանել է, որ հիմնական խախտումներն իրականացվել են ընտրատեղամասերից դուրս: «Կարծում եմ` այս ընտրություններն ավելի վատն էին նախագահականից»,- ասել է նա` նկատելով, թե նախագահականին նման մակարդակի տեռոր չի եղել:




























