Այսօր՝ մայիսի 6-ին, Երեւանի Հրաչյա Քոչար թիվ 19 շենքի բնակիչները զանգահարել են Մարդու իրավունքների պաշտպանի 116 թեժ գծին եւ հայտնել, որ իրենց շենքին կից, առանց բնակիչների համաձայնության իրականացվում է կցակառույցի շինարարական աշխատանքներ:

Պաշտպանի արագ արձագանքման խմբի աշխատակիցները մեկնել են դեպքի վայր եւ հանդիպել բնակիչներին, ովքեր հայտնել են, որ Երեւանի քաղաքապետարանի կողմից կառուցապատողին տրվել է շինարարության թույլտվություն առանց իրենց համաձայնության: Ավելին, իրականացվող աշխատանքների արդյունքում վնասվել են շենքի բազմավոլտ էլեկտրահաղորդման լարերը, որի պատճառով հոսանքազրկվել է ամբողջ շենքը:

Շենքի շուրջ 20 բնակիչներ միաժամանակ գրավոր դիմում են ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանին: Պաշտպանի կողմից դիմումն արդեն ընդունվել է քննարկման, պատրաստվում են համապատասխան գրություններ պատկան մարմիններին՝ խնդրի վերաբերյալ մանրամասները ճշտելու նպատակով: