Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան աջակցությամբ տեղի են ունեցել գերմաներենի ուսուցիչների եւ դասախոսների օրվան նվիրված միջոցառումներ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Կրթության եւ գիտության նախարարությունից: Պաշտոնական բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը:
Թեեւ գերմաներենը Հայաստանում ամենամեծ տարածում ունեցող օտար լեզուն չի համարվում, սակայն ըստ Ա. Աշոտյանի՝ այն գնալով ավելի լայն տարածում է գտնում. «Այսօրվա միջոցառումը հերթականն է՝ ուղղված Հայաստանում գերմաներեն լեզվի եւ մշակույթի տարածմանը: Վերջին տարիներին Գերմանիայի դեսպանատան հետ համագործակցության շնորհիվ հնարավոր դարձավ Հայաստանում ընդլայնել գերմաներենի ուսուցման ծավալները՝ Հայաստան ներմուծելով գերմանախոս աշխարհի մշակույթն ու կրթական ծրագրերի պահանջարկը»,–նշել է նախարարի պաշտոնակատարը։ Որպես համագործակցության հաջողված արդյունք՝ Արմեն Աշոտյանը նշել է Երեւանում Գյոթեի ինստիտուտի լեզվի ուսուցման կենտրոնի բացումը, միաժամանակ հույս հայտնելով, որ գերմանական կողմը ջանքեր կգործադրի, որպեսզի մոտ ապագայում Հայաստանում բացվի նաեւ Գյոթեի ինստիտուտի մասնաճյուղը: Ա. Աշոտյանը բարձր է գնահատել Գերմանական ակադեմիական փոխանակման ծրագրի (DAAD)-ի աջակցությամբ իրականացվող կրթական ծրագրերը՝ շեշտելով, որ Գերմանիան Հայաստանին կրթաթոշակային տեղեր հատկացնող երկրորդ երկիրն է՝ Ռուսաստանից հետո: DAAD-ի կողմից 2012 թվականին ավելի քան 285 հայ երիտասարդների շնորհվել է կրթաթոշակ' ապահովելով ամենաբարձր կրթաթոշակային ցուցանիշը: «Ակնհայտ է, որ այսօր մի քանի անգամ ավելի ուսանողներ են հնարավորություն ստանում սովորել Գերմանիայի համալսարաններում, քան հինգ տարի առաջ»,- նշել է Ա. Աշոտյանը: Նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը եւ Գերմանական ակադեմիական փոխանակման ծրագրին (DAAD)-ին՝ Հալլե-Վիթենբերգի համալսարանում գործող Մ. Մաշտոցի անվան հայագիտական կենտրոնի գործունեությանն աջակցելու համար: Նախարարը տեղեկացրել է, որ առաջիկայում հայաստանյան դպրոցներից մեկն ու Գերմանիայի Սաքսոնիա Անհալթ նահանգի մի դպրոց կհամագործակցեն:
Գերմաներենի ուսուցիչների եւ դասախոսների օրը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ՝ DAAD տեղեկատվական կենտրոնի նախաձեռնությամբ:




























