Կարս-Ախալքալաք երկաթգիծը վճռորոշ նշանակություն ունի Վրաստանի եւ Ադրբեջանի համար, արձանագրել են երկու երկրների նախագահներ Միխայիլ Սահակաշվիլին եւ Իլհամ Ալիեւը Բաքվում մայիսի 7-ին կայացած հանդիպմանը:

Հիշեցնենք, ավելի վաղ տվյալ երկաթգծի նպատակահարմարության մեջ կասկածել էր Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:

Ինչպես հայտնել են Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունից, Սահակաշվիլին եւ Ալիեւը քննարկել են համագործակցության հեռանկարները` ուշադրություն դարձնելով այն նախագծերին, որոնք համատեղ են իրականացվում:

«Մասնավորապես Սահակաշվիլին եւ Ալիեւը անդրադարձել են Կարս-Ախալքալաք երկաթգծի շինարարությանը եւ նկատել են, թե երկաթգիծը վճռորոշ է երկուսի համար էլ Եվրոպային կապվելու առումով»,- գրում է «Նովոստի-Գրուզիան»:

Հիշեցնենք, որ 2012թ. դեկտեմբերին Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, թե Վրաստանի տարածքով Ադրբեջանը Թուրքիային միացնող Բաքու-Ախալքալակ-Կարս երկաթգծի շինարարությանն առնչվող որոշ հարցեր ունի եւ մտադիր է Բաքու  կատարելիք այցի ժամանակ այդ հարցերը բարձրացնել Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպմանը:

Վարչապետը նաեւ նշել էր, որ Վրաստանի նպաստավոր աշխարհագրական դիրքը «համագործակցության եւ ճիշտ օգտագործման կարիք ունի»: