Երեւանի ավագանու ընտրությունները կայացան մրցակցային ու քաղաքակիրթ պայքարի մթնոլորտում: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով ՀՀԿ համամասնական ցուցակում առաջին հորիզոնականն էր զբաղեցնում:
Նա իր հայտարարությունում նշում է.
«Սիրելի երեւանցիներ,
Ուրախ եմ արձանագրել, որ Երեւանի ավագանու ընտրությունները կայացան մրցակցային ու քաղաքակիրթ պայքարի մթնոլորտում: Մենք, իսկապես, կարողացանք անցկացնել լավ կազմակերպված եւ թափանցիկ ընտրություններ:
Եվ այդ առիթով նախ եւ առաջ ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել երեւանցիներին՝ ընտրությունների կարեւորությունը գնահատելու եւ ընտրություններին մասնակցելու համար:
Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել իրենց վստահության քվեն մեզ տված բոլոր ընտրողներին՝ մեզ հավատալու համար:
Շնորհակալություն եմ հայտնում նաեւ բոլոր նրանց, ովքեր քվեարկել են քաղաքական այլ ուժերի օգտին եւ, նրանց եւս վստահեցնում եմ, որ հաջորդ տարիների ընթացքում մեր ծրագրերի ու աշխատանքների արդյունքով կկարողանանք արդարացնել նաեւ նրանց սպասելիքները:
Շնորհակալություն եմ ուզում հայտնել նաեւ մեր քաղաքական մրցակիցներին, ընտրություններին մասնակից բոլոր քաղաքական ուժերին՝ մրցակցություն ապահովելու համար:
Ես շնորհակալ եմ մեր թիմակիցներից ու համոզված եմ, որ այս թիմով, որն իր մեջ մեծ ներուժ եւ կամք ունի, առաջիկա չորս տարիների ընթացքում կկարողանանք մեր առջեւ դրված բոլոր խնդիրները լուծել եւ կյանքի կոչել ներկայացված ծրագրերը:
Շնորհակալություն եմ հայտնում նաեւ բոլոր լրագրողներին, ովքեր աշխատեցին ողջ քարոզարշավի ընթացքում եւ համակողմանի լուսաբանեցին մեր հանդիպումներն ու ներկայացվող ծրագրերը:
Շնորհակալություն եմ հայտնում նաեւ իրավապահ մարմիններին, ոստիկաններին, ովքեր կարողացան ապահովել քարոզարշավի ու բուն ընտրական գործընթացի ապահով ու խաղաղ ընթացքը:
Սիրելի երեւանցիներ, ես համոզված եմ, որ այսօրվա գրանցված հաջողությունը կարողացել ենք ամրագրել համատեղ ուժերով եւ նույն ոգով էլ կշարունակենք աշխատել ավելի լավ Երեւան ունենալու համար»:




























