Լիբիայի պաշտպանության նախարար Մոհամեդ ալ Բարգատին հրաժարական է տվել: Այդկերպ նախարարն իր բողոքն է արտահայտել  քաղաքական կյանքում երկրի նախկին նախագահ Մուամար Քադաֆիի համակիրների մասնակցությունը սահմանափակող օրենքի ընդունման դեմ: 

«Ես երբեք չեմ կարողանա ընդունել այն, որ քաղաքական որոշումները կայացվեն զենքի ուժով…Դա բռնություն է ժողովրդավարության դեմ, որը ես երդվել եմ պաշտպանել», - ալ Բարգատիի խոսքերն է մեջբերում Reuters-ը:

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ից հարյուրավոր զինված մարդիկ մեկ շաբաթ շրջափակել  էին  Լիբիայի ԱԳՆ-ի եւ ՆԳՆ-ի շենքերը: Նրանք պահանջում էին իշխանությունից հեռացնել Քադաֆիի նախկին համակիրներին եւ աշխատանքով ապահովել ջամահիրիայի ղեկավարի տապալմանը մասնակցած զինծառայողներին: 

Մայիսի 6-ի գիշերը Լիբիայի լրատվամիջոցները հայտնել էին, որ իշխանությունները քաղաքական կյանքում նախկին վարչակարգի համակիրների մասնակցությունը սահմանափակող օրենք են ընդունել, ինչպես նաեւ խոստացել էին բավարարել ցուցարարների  մյուս պահանջները:  Սակայն մայիսի 6-ին բողոքողները նորից էին շրջափակել կառավարական շենքերը: Նրանք պահանջում էին Լիբիայի վարչապետ Ալի Զեյդանի հրաժարականը, գրում է  «Մոսկովսկի կոմսոմոլեցը»: