ՄԱԿ-ի գրասենյակում, այսօր՝ մայիսի 7-ին, տեղի է ունեցել «Մշակութային միջազգային երկխոսություն» թեմայով լուսանկարների ցուցահանդեսի բացումը, որը նշում է Մտավոր սեփականության ու Հանուն երկխոսության եւ զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրերը:
Ցուցադրվել են հայ լուսանկարչուհի/արվեստագետ Տաթեւ Մնացականյանի սեւ ու սպիտակ լուսանկարները՝ նվիրված հայ եւ եգիպտացի հայտնի նկարիչների եւ քանդակագործների:
Ցուցահանդեսի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկությունը արժանավոր արվեստագետների նկատմամբ, ովքեր նվիրել են իրենց կյանքը արվեստի զարգացմանն ու խաղաղության, հանդուրժողականության եւ մշակութային բազմազանության խթանմանը: Տաթեւ Մնացականյանը նախատեսում է ներառել Արեւմտյան Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի, Միացյալ Նահանգների, Կանադայի եւ Ռուսաստանի այն երկրներն ու քաղաքները, որտեղ կան մեծ հայկական համայնքներ եւ որոնք ծառայում են որպես ազգերի միջեւ մշակութային կամուրջ:
ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն իր խոսքում նշել է. «Հայկական արվեստի, դրա հարուստ ավանդույթների միջոցով, մենք ցանկանում ենք հանրության ուշադրությունը սեւեռել մշակութային բազմազանության, հանդուրժողականության եւ տարբեր ազգերի միջեւ երկխոսության խթանման վրա: Ես հավատում եմ, որ արժանավոր արվեստագետներին մեծարող այս ցուցահանդեսը հաջորդ երիտասարդ սերնդին կօժտի ստեղծագործ մտքով: ՄԱԿ-ի գրասենյակի դռները ավանդաբար բաց են հայ այն արվեստագետների առջեւ, ովքեր օգտագործում են իրենց ստեղծագործ միտքն ու տաղանդը՝ տարածելու ՄԱԿ-ի արժեքները՝ ուղղված խաղաղության, մշակութային բազմազանության, գենդերային հավասարության եւ կայուն զարգացման ապահովմանը»:
Ընդգծելով այս տարվա թեման՝ «Ստեղծագործ միտք՝ հաջորդ սերունդը»՝ Ֆրենսիս Գարին, Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը կոչ է արել երիտասարդներին երազել անհնարինի մասին: «Իմ ուղերձն է հաջորդ սերդին շարունակել ստեղծագործել, շարունակել նորարարությամբ զբաղվել»:
Լուսանկարիչ Տաթեւ Մնացականյանն էլ հավելել է. «Ես ցանկանում եմ ավելի խթանել հայ արվեստի գեղեցկությանը եւ հանդուրժողականության ու բազմազանության հանդեպ հարգանքի դրա սզբունքներին: Շնորհիվ ՄԱԿ-ի ՝ ես կարողացա հանրության հետ կիսել իմ աշխատանքները, որոնք նախկինում ցուցադրվել են ՀՀ Ազգային ժողովում եւ Ուզբեկստանի Տաշքենդ քաղաքում»:
Ցուցահանդեսը հանրության համար բաց կլինի ՄԱԿ-ի գրասենյակում մինչեւ մայիսի վերջ:




























