Տարածաշրջանի ապագան որոշվում է Ադրբեջանում, հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, ով Բաքվում է՝ մասնակցելու Հարավկովկասյան համաժողովին:
«Դա ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի եւ, առհասարակ, հետխորհրդային երկրների անկախության հարցն է: Եվրոպայի անվտանգության եւ աշխարհի ազատության ճակատագիրը այժմ լուծվում է այս տարածաշրջանում՝ Ադրբեջանում»,-հայտարարել է Սահակաշվիլին, փոխանցում է Գրուզիա Online-ը:
Նրա խոսքով, տարածաշրջանում կան բացասական ուժեր, որոնք շահագրգռված են Ադրբեջանում իրավիճակի ապակայունացմամբ. «Սա մտացածին հարց չէ: Մենք դա մեզ վրա զգացել ենք Վրաստանում: Այդ ուժերը կանեն ամեն բան, որպեսզի այն առաջընթացը, որին հասել է Ադրբեջանը, դադարեցվի եւ չշարունակվի: Քանի որ այդ գործընթացը թույլ չի տալիս հանգիստ քնել նրանց, ովքեր իրենց չեն պատկերացնում առանց կայսերական ամբիցիաների»:



























