28-ամյա Օգսեն Սիրունյանն ընկերների հետ ամուսնության նպատակով առեւանգել է Հրազդան քաղաքի բժշկական քոլեջի ուսանող 19-ամյա Անուշ Հ.-ին եւ կանգնել դատարանի առջեւ: Եղվարդի ընդհանուր իրավասության դատարանից  NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է  իրենց մոտ:

28-ամյա Օգսեն Սիրունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Կոտայքի մարզի բնակչուհի 19-ամյա Անուշ Հ.-ին, ամուսնության նպատակով, վերջինիս կամքին հակառակ առեւանգելու համար, նախնական համաձայնության գալով իր ընկերներ` համագյուղացիներ Վահրամ Վարդանյանի, Նվեր Մարգարյանի եւ Լեւոն Խաչատրյանի հետ իր անձնական օգտագործման «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայով (այն վարել է Վահրամ Վարդանյանը), Հրազդան քաղաքի բժշկական քոլեջի մոտից հետեւել են Անուշ Հ.-ին:

Երբ վերջինս Սոլակ գյուղի կանգառում իջել է երթուղային տաքսուց եւ ոտքով մենակ քայլելիս է եղել, տղաներն ավտոմեքենայով փակել են նրա ճանապարհը, գրկել Անուշ Հ.-ին ու նրա կամքին հակառակ մտցրել ավտոմեքենայի սրահ:

Նրանք Անուշին տեղափոխել են Արարատի մարզի Արտաշատ քաղաք: Այսպիսով Օգսեն Սիրունյանը  եւ նրա ընկերները կատարել է արարք` նախատեսված ՀՀ Քր. օր.-ի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մարդուն առեւանգելը,  որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 4-8 տարի ժամկետով: Բոլորի նկատմամբ խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: