Հայաստանը տեղեկատվական անվտանգության մակարդակով բավական ցածր տեղ է զբաղեցնում աշխարհում, եւ պետք է լուրջ աշխատանք կատարվի այն բարելավվելու ուղղությամբ։ Այս մասին Ազգային անվտանգության խորհրդում Հայաստանի տեղեկատվական անվտանգության ապահովման բարձրացման միջգերատեսչական հանձնաժողովի փետրվարի 25-ին կայացած նիստում ասաց ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը։
Նիստում ներկայացվեցին մեծածախ ինտերնետի ներկրման ուղիները։ Մասնագետները նշեցին, որ Հայաստան ինտերնետ ներմուծվում է երկու ուղղությունով՝ Վրաստանից եւ Իրանից, իսկ մեծածախ ինտերնետ ներկրողները երեք ընկերություններ են «ԱրմենՏելը», «Fibernet»-ը եւ «GNC Alfa»-ն։ Ներկայացվեց նաեւ հարեւան երկրներում օպտիկամանրաթելային ցանցի զարգացվածության մակարդակը։ Նշվեց, որ տարածաշրջանով է անցնում Եվրոպան Ասիային կապող ինտերնետի հիմնական մալուխը, եւ առաջիկայում բանակցություններ կսկվեն դրա ճյուղերից մեկը Հայաստանով անցկացնելու համար։ Հայաստանի տրանսպորտի եւ կապի փոխնախարար Վալտեր Մարությանը տեղեկացրեց, որ Հայաստանում ինտերնետի գները պայմանավորված են ինտերնետ- տրաֆիկի քանակությունով։ «Ադրբեջանը 60 հազար մեգաբիթ ցանցային ինֆորմացիա է ստանում եւ փոխանցում, իսկ Վրաստանը 40 հազար, այսինքն՝ նրանք ինտերնետի համար տարանցիկ երկրներ են, այդ իսկ պատճառով էլ սակագներն այնտեղ ցածր են, իսկ Հայաստանը ինտերնետ ստանում է միայն սեփական օգտագործման համար»,- ասաց փոխնախարարը՝ ավելացնելով, որ Իրանի հետ այժմ բանակցություն է տարվում Եվրոպա-Ասիա մալուխին միանալու եւ դեպի Եվրոպա տարանցիկ մալուխ անցկացնելու ուղղությամբ։
Ըստ նրա՝ նոր ուղին 3000 կմ-ով ավելի կկարճացնի գլոբալ ցանցի երկարությունը։ Մարությանը խոսեց նաեւ մեծածախ ինտերնետն Հայաստան ներմուծող ընկերությունների գործընկերներից։ Ըստ կապի եւ տրանսպորտի փոխնախարարի, որը մեր ունեցած տեղեկությունների համաձայն «Fibernet» ընկերության սեփականատերն է, իր ընկերությունը ինտերնետ ներկրելու համար համագործակցում է «Ростелеком»-միջազգային պրովայդերի հետ եւ վայրկյանում 850 ՄԲիթ ծավալով ինտերնետ է ներկրում։ «GNC Alfa»-ն ներկրում է 635 Մբիթ, իսկ «ԱրմենՏելը»՝ 1 ԳԲիթ 635 Մբիթ։ «ԱրմենՏելը» ինտերնետ է ներկրում հիմնականում Թուրքիայից, այն գնում է «Turk Telecom» ընկերությունից, որը տրամադրում է շատ էժան բայց անորակ ինտերնետ կապ, իսկ Հայաստանում ցավոք մանրածախ պրովայդերներին միայն էժան կապն է հետաքրքրում, կապ չունի այն որակյալ է, թե ոչ",- ասաց Մարությանը։
«ԱրմենՏել» ընկերության մամուլի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը NEWS.am-ի թղթակցին Թուրքիայից ինտերնետ ներկրելու մասին հարցին պատասխանելով՝ նշեց, որ ընկերության մասին փոխնախարարի կատարած հայտարությունը իրականության հետ բացարձակ կապ չունի։ «ԱրմենՏելի գործընկերների ցուցակում „Turk Telecom“ ընկերությունը երբեք չի եղել, եւ այժմ էլ չկա։ Ընկերությունը ինտերնետ է գնում „UTG“ եւ „Совинтел“ միջազգային պրովայդերներից, եւ օգտվում է Սեւ ծովով անցնող „Կովկասուս“ օպտիկամանրաթելային մալուխից, իսկ հայտարարվածը բացարձակ չի համապատասխանում իրականությանը»,-ասաց Բեղլոյանը։



















