Մայիսի 7-ին Նկարիչների միությունում բացվել է ցուցահանդես՝ գրաֆիկա/քանդակ՝ նվիրված մայիսյան հաղթանակներին: Մասնակիցների թվում են եւ՛ միության անդամները, եւ ՛ ոչ անդամները: Որպես գրաֆիկական եւ քանդակային ցուցահանդես՝ սա , թերեւս առաջինն է: ՀՆՄ-ում կազմակերպվել են քանդակի կամ գրաֆիկայի ցուցահանդեսներ, սակայն նրանց համակցումը այլ որակ ու իմաստ է ստեղծում: Հետաքրքրական է, որ գրաֆիակայի՝ առաջին հայացքից սեղմ թվացող անվան ներքո, ներկայացված են տարաբնույթ տեխնիկաներով աշխատանքներ՝ գծանկարներ, պաստելային աշխատանքներ, ջրաներկ, գուաշ, ակրիլ, բազմաբնույթ կոլաժներ, գրիչ, յուղաներկ, տուշ, ածուխ եւ այլն: Տեխնիկայի եւ նյութի կիրառման բազմակիությամբ չեն զիջում նաեւ քանդակները՝ փայտե, կավե, երկաթե, բրոնզե, քարե: Ներկայացված են այլազան նկարիչների եւ քանդակագործների աշխատանքներ` թվով 190 նկար եւ 70 քանդակ: Լեւոն Կոջոյանի, Կարեն Բաղդասարյանի, Ստեփան Մինասյանի, Ամալյա Վարդանյանի, Արմեն Աթայանի, Արտաշես Քեշիշյանի , Գոռ Հովհաննիսյանի, Հարություն Կարապետյանի, Աշոտ Յանի, Հայկ Թոքմաջյանի, Մելքոն Հովհաննիսյանի, Հասմիկ Ավետիսյանի եւ այլ բազմաթիվ մասնակիցների աշխատանքների սիմբիոզը միեւնույն հարկի տակ ստեղծում է մշակութային հարուստ մի կոլորիտ, որն էլ գրավում է յուրաքանչյուր այցելուի, ստիպում խորհել, մտածել, վերլուծել ու հիանալ աշխատանքներով:
Բացման խոսքով հանդես է եկել ՀՆՄ նախագահ Կարեն Աղամյանը, ով առաջարկել է առաջին խոսքը տրամադրել մեծ վարպետ Լեւոն Կոջոյանին: Վերջինս ասել է, թե ուրախ է, որ կարողանում է ներկա գտնվել ու մասնակցել ցուցահանդեսներին: Այնուհետեւ խոսել են գրաֆիկայի սեկցիայի ղեկավար Սամվել Կարապետյանն ու քանդակի սեկցիայի ղեկավար Գետիկ Բաղդասարյանը: Կ. Աղամյանն ասել է, որ մայիսի 13-ին՝ ժամը 15:00 ՀՆՄ-ում տեղի կունենա այս ցուցահանդեսի զրույց-քննարկումը:
Ցուցահանդեսը կտեւի մինչեւ մայիսի 17-ը:




























