Ուկրաինայի ԱԳ նախարար եւ ԵԱՀԿ գործող նախագահ Լեոնիդ Կոժարան մտադիր է այցելել Հարավային Կովկաս` ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիներ որոնելու նպատակով: Այս մասին նա լրագրողներին հայտնել է Նյու Յորքում ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում:
«Մտադիր եմ այցելել Վրաստան, Հայաստան եւ Ադրբեջան` քննարկելու Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ առկա հակամարտության կարգավորման ուղիները»,-ասել է Կոժարան` պատասխանելով «ՌԻԱ Նովոստիի» այն հարցին, թե որպես ԵԱՀԿ նախագահ, Ուկրաինան ինչ միջոցներ է մտադիր ձեռնարկել` կարգավորելու, այսպես կոչված, «սառեցված հակամարտությունները»:
«Հիշեցնում ենք, որ իրավիճակն այնքան էլ հեշտ չէ…Ցանկանում ենք խթան հաղորդել բանակցային գործընթացին եւ զգում ենք, որ լավ դինամիկա կա Վիեննայում ԵԱՀԿ միջոցով, այդ թվում` այնպիսի կազմակերպությունների միջոցով, ինչպիսին է ԵՄ «Արեւելյան համագործակցություն» ծրագիրը»,-ասել է Կոժարան: Ընդ որում, նա հիշատակել է խորհրդարանական ֆորումի անցկացումն այնպիսի համագործակցության շրջանակներում, որտեղ Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունները կարող են խոսել միմյանց հետ:




























