«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը չի հերքել եւ չի էլ հաստատել լրատվամիջոցներում շրջանառող լուրերն այն մասին, որ այն ավտոմեքենայում, որով քաղաքական գործչին տանում էին ոստիկանական բաժանմունք, տեսանկարահանում իրականացնողը Րաֆֆի Հովհաննիսյանի որդի Կարին Հովհաննիսյանի ընկերն է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Մարտիրոսյանն ընդգծել է, որ արդեն լրատվամիջոցների ներկայացուցիչներին հայտնել է, որ իրեն հայտնի է` ով է նկարահանել տեսանյութը. «Բնականաբար գիտեմ` ով է նա, սակայն մտադիր չեմ նշել անունը»:
Հիշեցնենք, որ երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ի պատասխան այն հարցին, հայտնի է արդյոք իրեն այն մասին, որ ոստիկանական ավտոմեքենայում արված տեսագրությունը հասանելի է դարձել հանրությանը, Մարտիրոսյանը պատասխանել է, որ տեղյակ չէր տեղի ունեցողի նկարահանվելու մասին. «Ավելի ուշ իմացա, թե ով էր նկարահանում տեղի ունեցողը, նա նորմալ տղա է, պարզապես եթե իմանայի, որ նկարահանվում է, կփորձեի չհայհոյել, սակայն լավ է, որ տեսագրությունում այդ հատվածը բացակայում է»:
Նշենք, որ համաձայն լրատվամիջոցների հրապարակումների, ապրիլի 9-ին Արմեն Մարտիրոսյանի հետ միասին բերման է ենթարկվել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի որդի Կարին Հովհաննիսյանի ընկերը, ով ժամանել է ԱՄՆ-ից` աջակցելու Րաֆֆի Հովհաննիսյանին PR-ի հարցում:




























