«ՀՀ գլխավոր դատախազությունը դատապարտում է բռնարարքի ցանկացած դրսեւորում՝ անկախ նրանից, թե դա ում դեմ է ուղղված»,- այսօր նման բովանդակությամբ հաղորդագրություն է տարածել Գլխավոր դատախազությունը:

«Դատախազությունը մտահոգված է Գլխավոր դատախազության մուտքի մոտ՝ փետրվարի 24-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի եւ վերջինիս բնորոշմամբ մոտ 30 տարեկան երիտասարդի միջեւ տեղի ունցած միջադեպի կապակցությամբ:

Դեպքի վերաբերյալ Գ.Շամշյանը բարձրաձայնել է ՀՀ գլխավոր դատախազությունում փետրվարի 24-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, որի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը պահանջել է Շամշյանից՝ ներկայացնել միջադեպի վերաբերյալ իր տրամադրության տակ գտնվող տեսագրություններն ու լուսանկարները:

Դատախազությունը հետամուտ է լինելու միջադեպի բոլոր հանգամանքների պարզաբանմանը եւ մեղավոր անձանց գործողություններին համապատասխան իրավական գնահատական տալուն: Միջադեպի պարզաբանման ողջ գործընթացի մասին հանրությանը պարբերաբար կտրամադրվի տեղեկատվություն»,- նշված է Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ: