Ադրբեջանի իշխանությունները հերթական անգամ իրենց վերաբերմունքն են ցուցադրել Լեռնային Ղարաբաղի փախստականների նկատմամբ: Այդ երկրի ղեկավարությունը փախստականների առկայությունն օգտագործում է որպես հաղթաթուղթ` ամեն պատեհ եւ անպատեհ առիթի ժամանակ բարձրաձայնելով նրանց մասին, սակայն ի վիճակի չէ ապահովել վերջիններիս տարրական անվտանգությունը:
Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, նախորդ գիշեր Դարնագյուլ բնակավայրի հանրակացարաններից մեկում, որտեղ տեղակայվել էին Ղարաբաղից ժամանած փախստականները, 3-րդ հարկում փլուզվել է առաստաղը, ինչի արդյունքում երկու կանայք են տուժել: Որոշ փախստականներ մարմնական վնասվածքներ են ստացել: Սկզբում փլուզվել է ընդհանուր խոհանոցի առաստաղը, ինչից հետո նույն բանը տեղի է ունեցել նաեւ մյուս սենյակներում: Այդ հարկում բնակվում է 24 մարդ, իսկ հանրակացարանում` 125: Բնակիչները պատմել են, որ արդեն բազմաթիվ տարիներ հանրակացարանի ջրահեռացման համակարգը վթարային վիճակում է, հարկերի միջեւ անընդհատ ջուր է հավաքվում, ինչի արդյունքում էլ առաստաղները չեն դիմանում: Շինության նկուղը ջրի մեջ է, ինչի հետեւանքով ճաքեր են առաջացել ամբողջ շինությունում: Թեեւ փախստականների` համապատասխան գերատեսչությունների բազմաթիվ դիմումներին, համապատասխան վերանորոգման աշխատանքներ չեն նախաձեռնվել: Առաստաղի փլուզումից հետո բնակիչները դիմել են ԱԻՆ վթարային ծառայություն եւ լքել շինությունը, քանի որ փլուզումները շարունակվում են:




























