Մարդու իրավունքի պաշտպան Արմեն Հարությունյանը կարծում է, որ պրոցեսուալ առումով չեն խախտվել «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանի իրավունքները: Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին ոստիկանները ներխուժել էին ՍԻԼ կոնցեռնի գրասենյակ եւ ջարդելով դուռը ձերբակալել Ս. Սուքիասյանին: Հետագա օրերին նրան բաց թողեցին, սակայն մեղադրանք առաջադրվեց մարդուն ապօրինի անազատության մեջ պահելու հիմքով:

Ա. Հարությունյանն այս կապակցությամբ նշեց, որ այդ գործի մասին ոչինչ չի ասի, քանի որ գնում է նախաքննություն, եւ պրոցեսուալ առումով չեն խախտվել Սուքիասյանի իրավունքները, սակայն Սարիբեկ Սուքիասյանի իրավունքը խախտվել է բերման ենթարկելիս, երբ նրան թույլ չեն տվել տեսակցել փաստաբանի հետ:

«Եվ դա համատարած արատավոր պրակտիկա է: Դրա համար մենք ոստիկանապետին նամակով գրել ենք, որպեսզի նա գուցե մի շրջաբերական իջեցնի։ Որովհետեւ այդպես է. մեր ոստիկանությունում ոստիկանապետի շրջաբերականը ավելի բարձր ուժ ունի, քան ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, եւ վավերացված միջազգային պայմանագրերը: Անհրաժեշտ է, որ այդ մարդիկ հասկանան՝ ոչ թե կարգավիճակ տալուց հետո պետք է թույլ տան հանդիպել փաստաբանին, այլ հենց մարդու ազատությունը սահմանափակելիս նա անմիջապես իրավունք պետք է ունենա հանդիպել փաստաբանի հետ», ասել է Հարությունյանը:

Այնուհետեւ անդրադառնալով ՀԱԿ-ի երիտասարդների դեմ փետրվարի 19-ին ոստիկանների կողմից իրականացված բռնության դեպքին, երբ ծեծի էին ենթարկվել ցույցի դուրս եկած ակտիվիստները, Ա. Հարությունյանն ասաց, որ հետեւում է այդ գործին: «Ըստ էության մեզ ահազանգ եղավ, որ նրանց ոստիկանությունում բերման են ենթարկել եւ խոշտանգման են ենթարկում, բայց դա չապացուցվեց: Իսկ տանելու ընթացքում բռնության էլեմենտներ եղել են եւ գիտենք, որ այսօր նրանք դատաբժշկի են դիմել, պրոցեսը գնում է», ընդգծեց ՄԻ Պաշտպանը՝ հավելելով, որ իրենց արագ արձագանքման խումբը երբ մեկնել էր դեպքի վայր, չի արձանագրել ոստիկանության այնպիսի քայլ, որից հնարավոր լիներ եզրակացնել, որ ոստիկանությունն անհիմն ու անտեղի հարձակվել է երթի մասնակիցների վրա: Ըստ նրա, խնդիրն այն է, որ կարգի համաձայն երթը պետք է անցնի մայթով, սակայն երբ ընթացքում մասնակիցները շատանում են, ուղղակի օբյեկտիվորեն հնարավոր չէ մնալ մայթի սահմաններում եւ ստացվում է կանոնի խախտում: Նա ասել է, թե պատրաստվում են քաղաքապետարանի հետ նախաձեռնել այդ կանոնի վերաբերյալ քննարկում:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի