Նովոսիբիրսկի մարզում իրավապահները ձերբակալել են նվազագույնը հինգ մանկահասակ աղջիկների բռնաբարած մանկապիղծին: Իր զոհերի բնակարաններ տղամարդը ներխուժել  էր՝ ներկայանալով որպես կոմունալ-կենցաղային վարչության աշխատակից:

Գենոմային փորձաքննությունների արդյունքում ճշտվել է կասկածյալի ինքնությունը. Նա Նովոսիբիրսկի նախկինում չդատված 43-ամյա բնակիչ է, զբաղվել է մասնավոր փոխադրումներով:  Քննությունը հաստատել է նրա հանցանքը հինգ աղջիկների նկատմամբ, ասված է ՌԴ քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Հանցագործը Նովոսիբիրսկի երեք շրջաններում է գործել: Նա մանկահասակ աղջիկների հետեւից մտել է շենքերի մուտքեր եւ նրանց հետեւել մինչեւ բնակարան, այնուհետեւ ներկայացել է որպես կոմունալ-կենցաղային վարչության աշխատակից եւ ծնողներին գրություն թողնելու կամ այլ պատրվակով մտել բնակարան եւ  բռնություն գործադրել երեխաների նկատմամբ, գրում է «Նովիե իզվեստիան»:

Այս պահին ճշտվում է տղամարդու մասնակցությունը Նովոսիբիրսկի տարածքում նվազագույնը եւս ինը անչափահասների նկատմամբ հանցագործություններին: