Վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատը` դատավոր Դավիթ Ավետիսյանի նախագահությամբ, այսօր` մայիսի 8-ին, քննելով ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Դավիթ Քիրամիջյանի, Արտակ Կարապետյանի եւ Սարգիս Գեւորգյանի պաշտպանների վճռաբե բողոքը, բեկանել է վերաքննիչ քրեական դատարանի վճիռը, եւ գործը կրկին ուղարկել վերաքննիչ դատարան` նոր քննության:

Վճռաբեկ բողոքը քննվում էր գրավոր ընթացակարգով, եւ բողոքի էությունը ներկայացնում էր Վճռաբեկ դատարանի դատավոր Ելիզավետա Դանիելյանը: Նրա խոսքից հետո դատավորները մի քանի հարցեր էին տվել, ապա հեռացել էին խորհրդակցական սենյակ: Նշենք, որ ՀԱԿ ակտիվիստներն ու նրանց փաստաբանները նիստին ներկա չէին, ինչը Վճռաբեկի պարագայում պարտադիր պայման չէր: Ներկայումս անազատության մեջ գտնվող Տիգրան Առաքելյանը չէր բերվել դատարան, իսկ մյուս երեք ակտիվիստները գտնվում էին Վճռաբեկ դատարանի շենքի առջեւ եւ մասնակցում էին կազմակերպված բողոքի ակցիային: Վճռաբեկ բողոքում ի թիվս այլ ապօրինությունների, նշված էր, թե Վերաքննիչ դատարանում ՀԱԿ ակտիվիստներին զրկել են վերջին խոսքի իրավունքից:

Եթե Վճռաբեկն անփոփոխ թողներ վճիռը, ՀԱԿ երեք ակտիվիստները, որոնք ազատության մեջ էին, հայտնվելու էին անազատության մեջ:

Այժմ վերաքննիչ քրեական դատարանը նոր քննություն պետք է անցկացնի:

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս վճռով վարչախումբը որեւէ բանի չի հասնելու, եւ իրենք շարունակելու են պայքարը: Նա նկատեց, որ իրենք որեւէ ակնկալիք չունեին դատարանից, քանի որ դատարանները գտնվում են վարչախմբի կրնկի տակ:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը հրապարակել էր ՀԱԿ-ի ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Տիգրան Առաքելյանի եւ Արտակ Կարապետյանի գործով դատավճիռը:

Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3, Սարգիս Գեւորգյանը եւ Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման: Վերաքննիչ քրեական դատարանը նոյեմբերի 13-ին անփոփոխ էր թողել դատավճիռը, եւ ՀԱԿ ակտիվիստների փաստաբանները բողոքարկել էին այն Վճռաբեկ դատարանում:

2011թ. օգոստոսի 9-ին Խնկո Ապոր Գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստներ: Ավելի ուշ, երիտասարդներից 4-ի մասով գործն ավարտվել էր եւ ուղարկվել դատարան, մյուս երեք երիտասարդների մասով գործը դեռեւս գտնվում է ՀՔԾ-ում: Վեց երիտասարդները ստորագրությամբ ազատ էին արձակվել, իսկ Տիգրան Առաքելյանը կալանավորված էր մնացել:

Ըստ ոստիկանության, գրադարանի մոտ միջադեպն սկսել էր այն բանից, երբ ոստիկանները մի երիտասարդի հորդորել էին շանը ման տալ դնչկալով, մինչդեռ երիտասարդների պնդմամբ, միջադեպը սկսվել էր ոստիկանների սադրիչ գործողությունների հետեւանքով: Նրանք նաեւ նշել էին, թե ոստիկաններն իրենց դաժան ծեծի են ենթարկել: