Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հարցազրույցը NEWS.am լրատվական գործակալությանը:

Ինչպիսի՞ն էին Երեւանի ավագանու ընտրությունները` 2009թ նույն ընտրությունների համեմատ:

2009-ին կայացած Երեւանի ավագանու ընտրությունների համեմատ, զգալի դրական փոփոխություններ կան, քանի որ 2011-ին ընդունվել է նոր Ընտրական օրենսգիրքը եւ ընտրություններն այժմ իրականացվում են օրենսդիր փոփոխությունների համապատասխան: Միայն այն հանգամանքը, որ նոր Ընտրական օրենսգրքի համաձայն մի շարք նորարարություններ են ներմուծվել, որոնք ըստ էության լայն հնարավորություն են տալիս թեկնածուների վստահված անձանց, դիտորդներին եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներին` վերահսկողության տեսանկյունից, իսկ խորհրդարանական կուսակցություններին հնարավորություն է տրված ներկայացուցիչներ ունենալ հանձնաժողովներում` որպես վերջիններիս քարտուղարներ կամ ղեկավարներ, շատ բանի մասին է խոսում: Այդ ամենը թույլ է տալիս լիարժեքորեն իրականացնել ընտրական գործընթացի վերահսկողությունը: Այս ընտրություններն իրենց որակով` օրենքների կանոնակարգման կարգավորման տեսանկյունից, էապես դրականորեն են տարբերվում նախորդներից:

Ընտրություններից հետո տարածքային ընտրական հանձնաժողովները բավականին մեծ թվով հայտեր են ստացել` կապված ընտրողների ձայների վերահաշվարկման հետ: Ինչպե՞ս է ընթանում գործընթացը:

Ընտրություններից հետո մենք մեծ քանակությամբ դիմումներ ենք ստացել` պահանջելով վերահաշվարկել մի շարք ընտրատեղամասերում ստացված արդյունքները: Դա սպասելի էր, քանի որ բազմաթիվ քաղաքական ուժեր ընդգծում են, որ բոլոր ընտրատեղամասերում ձայների վերահաշվարկի պահանջով դիմումներ կներկայացնեն: Նման վարքն անհասկանալի էր. այդ մասին հայտարարել նախքան ընտրությունները, քանի որ յուրաքանչյուր ընտրատեղամասում կուսակցության վստահված անձիք եւ հանձնաժողովի անդամներ կային, ներկա էին նաեւ դիտորդներ եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Բոլոր ընտրատեղամասերում քվեարկության գործընթացը տեսանկարահանվել է` սկսած տարածքային հանձնաժողովների նիստերից մինչեւ ընտրությունների արդյունքների ամփոփում: Գործընթացը տեսանելի էր` թափանցիկության տեսանկյունից:

Տվյալ իրավիճակում ձայների վերահաշվարկի պահանջի ներկայացումը միայն նրա համար, որպեսզի ինքնանպատակ վերահաշվարկ իրականացվի, ինձ համար հասկանալի չէ:

162 ընտրատեղամասերում ձայների վերահաշվարկ իրականացնելու վերաբերյալ ստացվել է 176 հայտարարություն: Հայտարարություններն ստացվել են ՀԱԿ կուսակցության եւ «Բարեւ Երեւան» դաշինքի` հանձնաժողովներում ներկայացուցիչների կողմից: Կան ընտրատարածքներ, որտեղ ձայների վերահաշվարկը կիրականացվի միայն մեկ ընտրատեղամասում, մյուս դեպքում` 20-30 ընտրատեղամասերում: Բոլոր հայտարարությունները ստացվել եւ դիտարկվել են օրենսդրությանը համապատասխան: Ձայների վերահաշվարկը սկսվել է մայիսի 7-ի առավոտյան 9-ից. Ձայների վերահաշվարկման գործընթացին մասնակցել են հայտարարությունները ներկայացնողները, լրատվամիջոցների ներկայացուցիչները, գործընթացը բաց եւ թափանցիկ էր: Օրվա ընթացքում ավարտվել է 31 ընտրատեղամասերի ձայների վերահաշվարկը , ինչի արդյունքում կարելի է ասել, որ թվերը գրեթե չեն փոփոխվել: Վերահաշվարկման արդյունքում 31 ընտրատեղամասերից 12-ում առհասարակ թվերը չեն փոխվել, արդյունքները մնացել են նույնը: Մյուս դեպքերում գրանցվել են աննշան փոփոխություններ:. Այս կամ այն քաղաքական ուժերի ձայները ավելացել կամ նվազել են 1 ձայնով: Որեւէ նշանակալի փոփոխություն հօգուտ այս կամ այն կուսակցության, չի եղել:

31 ընտրատեղամասերում ձայների վերահաշվարկից հետո ինչպիսի՞ն է ընդհանուր պատկերը:

31 ընտրատեղամասերում վերահաշվարկից հետո ամփոփիչ պատկերը հետեւյալն է. «Առաքելություն» կուսակցության ձայներն անփոփոխ են, ԲՀԿ-ի ձայները 14-ով նվազել են, «Բարեւ, Երեւան» դաշինքի եւ ՀԱԿ-ի ձայները նվազել են մեկական ձայնով, ՀՅԴ-ի ձայները 2-ով ավելացել են, ՀՀԿ-ի ձայներն ավելացել են 5-ով, ՕԵԿ-ինը՝ 1-ով:

Այդ ձայները չէին կարող զգալի եւ որոշիչ դեր խաղալ ձայները հաշվելիս եւ ոչ մի կերպ չէին կարող փոխել քվեարկության արդյունքների ամփոփիչ պատկերը: Հարկ է նշել, որ ընտրական հանձնաժողովի անդամները ամբողջ օրը, այդ թվում՝ գիշերը, լարված աշխատում են, եւ օրինաչափ է, որ ձայները հաշվարկելիս տեղ են գտնում աննշան զանցանքներ: Դա լարված աշխատանքային օրվա արգասիք է եւ հենց այդ պատճառով էլ գոյություն ունի ձայների վերահաշվարկի ինստիտուտը:

Ցանկանում եմ նշել նաեւ, որ որոշ վստահված անձինք, ովքեր ձայների վերահաշվարկի դիմում էին ներկայացրել, զանգահարում եւ տեղեկացնում էին, որ ցանկանում են հետ վերցնել դրանք, քանի որ դիմումները նախապես էին գրվել, իսկ իրենք ներկա էին գտնվել ընտրություններին, տեսել էին քվեարկության գործընթացը եւ առարկություններ չունեին:

Նրանք նաեւ նշում էին, որ դիմումները նախապատրաստվել եւ քաղաքական ուժերի նախընտրական շտաբերի կողմից ներկայացվել էին քվեարկությունից երկու օր առաջ:

Ե՞րբ կներկայացվի  ձայների վերահաշվարկի ամբողջական արդյունքը:

 Ըստ օրենսդրության՝ ընտրատեղամասերում ձայների վերահաշվարկը կավարտվի մայիսի 10-ին, ժամը 14:00-ին: Տարածքային ընտրական հանձնաժողովները նույնպես 45 ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու 10 դիմում են ստացել, ինչի կապակցությամբ նիստեր են գումարվում:

Միայն մեկ դիմումում  30 ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջ կա: Տարածքային ընտրական հանձնաժողովներն այդ դիմումները կդիտարկեն, եւ ուրբաթ օրը արդյունքները կամփոփվեն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը աշխատանքը կշարունակի մայիսի 11-ին եւ 12-ին եւ ձայների վերահաշվարկի արդյունքները կհրապարակի մայիսի 12-ին:

 

Զրուցեց Մարիա Ասատրյանը