ONEArmenia կազմակերպությունը SHIFT նախաձեռնության միջոցով նպատակ ունի առավելագույնը 10 հազար ԱՄՆ դոլարով աջակցել 16 տարեկանից բարձր այն մարդկանց, ովքեր, հին եւ նոր մշակութային տարրերը միաձուլելով, հասանելի կդարձնեն հայկական մշակույթն ամբողջ աշխարհով: Այս մասին, այսօր՝ մայիսի 8-ին, «Մեդիա Կենտրոնում» կայացած հանդիպման ժամանակ նշել է OneArmenia կազմակերպության ստեղծագործական ղեկավար Օկսանա Միրզոյանը:
Նրա խոսքով՝ աշխարհում լավագույն օրինակներից մեկը ջազ երաժիշտ Տիգրան Համասյանն է, ով գործով ապացուցել է, որ կարելի է ազգային երաժշտության տարրերը նոր ձեւով մշակելով, հայտնի դառնալ աշխարհին:
OneArmenia-ի ներկայացուցիչներից Անահիտ Յահջյանն էլ նշել է, որ Սիրուշոյի «Պրե գոմեշ» երգը եւս հաջող տարբերակ է:
«Ավելի ավանդական մտածող մարդիկ չեն ընդունում երիտասարդների կարծիքները, բայց պետք է հիշեն, որ երբ նրանք են երիտասարդ եղել, քննադատվել են իրենց մեծերի կողմից: Եթե ուզում ենք մեր պայքարը կապ ունենա աշխարհի մյուս շարժումների հետ, մենք պետք է առաջ շարժվենք»,- ասել է Միրզոյանը:
Նախաձեռնությունը մեկնարկել է 2013թ. ապրիլի 24-ից: Դիմումները կընդունվեն մինչև 2013թ. մայիսի 25-ը: Հաղթող ծրագիրը կընտրվի առցանց՝ մեկ փուլով ացկացվող ֆեյսբուքյան բաց քվեարկության միջոցով:
Յուրաքանչյուր ծրագրի համար գումարը սահանափակվում է 10 հազար դոլարով, դիմորդը կարող է ներկայացնել հայտ յուրաքանչյուր կարգի միայն մեկ ծրագրի համար, հավաքագրված գումարից հայտատուին աշխատավարձ չի հատկացվում, ծրագրի հետ կապված ցանկացած աշխատանք պետք է իրականացվի Հայաստանում, ծրագիրը պետք է ավարտին հասցվի դրամաշնորհի գումարով, ծրագիրը պետք է իրականացվի Հայաստանում:




























