Հայաստանի ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայության կարեւոր գործառույթներից է շենքերի եւ շինությունների տեխնիկական վիճակի հետազննությունն ու սեյսմիկ խոցելիության աստիճանի գնահատումը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե վերջին տարիների նշանակալի աշխատանքներից է Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նոր տերմինալի սեյսմիկ հաշվարկը, որն իրականացրել են ՍՊ Արեւմտյան ծառայության մասնագետները` Զավեն Խլղաթյանի գլխավորությամբ:
Միայն 2012 թ. սեյսմիկ ռիսկի վերաբերյալ տվյալների բազան համալրվել է մոտ 500 շենքի տվյալներով:
Կատարվել է դպրոցների եւ մանկապարտեզների շենքերի ակնադիտական եւ գործիքային հետազննություն, տեխնիկական վիճակի ուսումնասիրություն եւ սեյսմիկ խոցելիության գնահատում՝ ընդգրկելով հանրապետության տարբեր բնակավայրերի 44 դպրոց եւ 11 մանկապարտեզ:
Մասնագիտական եզրակացություններ են տրվել 105 շենքերի եւ շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ:
Շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի եւ սեյսմիկ խոցելիության գնահատման աշխատանքները կատարվում են Հայաստանի բոլոր մարզերում՝ ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայության համակարգի բոլոր 4 տարածքային ծառայությունների (ՊՈԱԿ-ների) կողմից:
Կատարվում է նաեւ ՀՀ քաղաքացիների ընդունելություն, տրվում է մասնագիտական խորհրդատվություն եւ բացատրություններ` բնակիչներին հուզող հարցերի վերաբերյալ:




























