Մայիսի 9-ը հայերի համար հպարտության, հաղթանակի, ինչպես նաեւ պատասխանատվության օր է: Այս մասին, այսօր` մայիսի 9-ին, հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` Երեւանի Հաղթանակի զբոսայգում անհայտ զինվորի հուշահամալիրին ծաղիկներ դնելուց հետո:

Նա նշել է, որ եթե չլիներ 1945 թվականի հաղթանակը, հնարավոր է, չէր լինի Հայաստանը, նաեւ այդ հաղթանակը չէր լինի առանց հայ զինվորների մասնակցության:

«Մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը ավելի քան 20 տարի առաջ մեր տղաներն ու աղջիկները` երիտասարդ սերունդը, ցույց տվեցին, որ երիտասարդ ոգին ողջ է եւ բազմաթիվ կորուստներից հետո ազատագրեցին Շուշին»,-հայտարարել է Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը կոչ է արել արժանի լինել հերոսների այս օրվան, արժանավայել պայմաններ ստեղծել վետերանների համար. «45 եւ 92թթ մայիսի 9-ը հաղթանակ էր: Մայիսի 9-ի երրորդ հաղթանակը երիտասարդ սերնդի ձեռքում է: Մնացածը չեմ ասի»:

Ընդգծենք, որ անմար կրակի մոտ ծաղիկներ դնելու արարողությունը հայկական հեռուստաալիքներից բացի լուսաբանում են նաեւ իրանական ու թայվանական հեռուստաալիքները:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am