Ներկայիս ռեժիմի համար Հայաստանի քրեակատարողական հիմնարկները բիզնեսի լուրջ օղակներ են, եւ պատահական չէ, որ արդարադատության նախարարը եւ քրեակատարողական հիմնարկի ղեկավարներն ընդգրկվում են միլիոնատերների ցուցակում։ Փետրվարի 25-ին «Քաղաքական հալածանքները Հայաստանում» կլոր սեղան-քննարկման ժամանակ հայտարարեց նախկին քաղբանտարկյալ, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը։
Վերջինս նշեց, որ քրեակատարողական հիմնարկներում ոչ միայն չեն պաշտպանվում քաղբանտարկյալների իրավունքները,այլեւ կալանավորների ճակատագիրը հանձնված է բանտային «գողերի» քմահաճույքին։
«Նրանք փորձում են հնարավորինս շատ փող աշխատել, սա է քրեակատարողական կառույցների իրական դեմքը, առավել եւս հիմա, երբ այն ղեկավարում է անգրագետ, էությամբ „բորենի“ Աշոտ Գիզիրյանը»,-ընդգծեց Պետրոս Մակեյանը։ Իսկ նախկին արտգործնախարար եւ նախկին քաղբանտարկյալ Ալեքսան Արզումանյանը լրացնելով Մակեյանին ասաց.
«Այսօր Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգը հանցավոր մի խումբ է, որը իրականացնում է նաեւ պատժիչ ֆունկցիաներ»։
Նախկին քաղբանտարկյալ, ընդդիմադիր գործիչ Գրիգոր Ոսկերչյանն էլ իր հերթին նշեց, որ դատախազությունում աշխատում են ալարկոտ եւ անգրագետ քննիչներ։
«Իմ ձերբակալությունից միայն երկու ամիս հետո ներկայացվեցին իմ նկատմամբ հարուցված կեղծ մեղադրանքները, բայց նույնիսկ կեղծ վկայությունների համար նրանց պահանջվեց 2 ամիս»,-ասաց Ոսկերչյանը՝ հավելելով, որ քննիչները ծուլանում են հետազոտել, քննել, գտնել, ինչ-որ բաներ ապացուցել, նրանք պարզապես, գաղտնալսող սարքեր են դնում, կամ հեռախոսազրույցներ լսում եւ դրանց վրա հենվելով մեղադրանքներ ներկայացնում։



















