Հայաստանի խորհդարանն այսօր 70 կողմ, 4 դեմ ձայներով երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունեց «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծ։
Ընդունված օրինագծով նախատեսվում է միջազգային պայմանագրերի ստորագրման եւ վավերացման գործընթացի դադարեցում ցանկացած փուլում, ընդհուպ մինչեւ գործընթացի վերջնական ավարտը։ Նշենք, որ ՀՅԴ-ն չի մասնակցել քվեարկությանը, քանի որ նրա կողմից առաջարկված փոփոխությունները մերժվեցին։ Կուսակցությունը մասնավորապես առաջարկում էր նախագծի մեջ մտցնել դրույթներ, որոնք օրենսդիր իշխանությանը հնարավորություն կտային կատարողական լիազորությունների հետ մեկտեղ կասեցնել եւ չեղյալ համարել միջազգային պայմանագրերը։ Դաշնակցությունը նաեւ հանդես էր եկել միջազգային պայմանագրերում նախապայմաններ մտցնելու առաջարկով։ Նշենք, որ կուսակցությունը նմանատիպ առանձին նախագիծ է մշակել եւ ներկայացրել կառավարության դատին։
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ելույթ ունենալով Ազգային ժողովում, հայտարարեց, որ ՀՅԴ առաջարկությունները չեն քննարկվել, քանի որ կառավարությունը ներկա պահին քննարկում է կուսակցության ներկայացրած օրինագիծը։ Եվ քանի որ նախարարի հավաստմամբ, օրնագիծը շատ խրթին է, կառավարությունը չի շտապում եզրակացություն տալ։
Անդրադառնալով ՀՅԴ-ի առաջարկին, որը նախատեսում է նախապայմաններ մտցնել միջազգային պայմանագրերում, Նալբանդյանը նշեց, որ միջազգային փորձում երկկողմանի պայմանագրերում ընդունված չէ նախապայմաններ մտցնել։ Դրանք կիրառելի են միայն բազմակողմանի պայմանագրերում։
Օրինագծին դեմ է քվեարկել «Ժառանգություն» կուսակցությունը։ Նրա ներկայացուցիչների բնութագրմամբ՝ «փաստաթուղթը կիսատ-պռատ է, իսկ իրենք կիսատ փաստաթղթերի համար չենք քվեարկում»,-հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։
Նշենք, որ այս օրենքի հապշտապ ընդունումը փորձագետները պայմանավորում են Սերժ Սարգսյանի այն հայտարարությամբ, թե Հայաստանը միջազգային պայմանագրերի մասին օրենքում համապատասխան փոփոխություններ կկատարի, որպեսզի անհրաժեշտության դեպքում Երեւանը դուրս գա հայ-թուրքական գործընթացից։



























