Թուրքիայի ներքաղաքական լարվածության առիթ հանդիսացած «Մեծ մուրճ գործողությունների նախագծի» շրջանակներում իրականացրած մոտ 50 բարձրաստիճան զինվորականների ձերբակալություններից հետո Թուրքիայի նախագահը այսօր՝ փետրվարի 25-ին կազմակերպել էր եռակողմի հանդիպում, որը տեւեց մոտ 3 ժամ։
Թուրքիայի նախագահ Գյուլի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Իլքեր Բաշբուղի մասնակցությամբ հանդիպումից հետո տարածվել է գրավոր հաղորդագրություն, որ հանդիպմանը քննարկվել են վերջին օրերի իրադարձություններ եւ նշվել, որ ամեն ինչ իրականացվելու է սահմանադրական կարգի եւ օրենքների համաձայն։
Հանդիպումից հետո Էրդողանը լրագրողներին կարճ պատասխան է տվել, որ հանդիպումը բավականին լավ է անցել։
Նշենք, որ «Մեծ մուրճ» գործողությունների ծրագրի շրջանակներում ձերբակալվել են 21 գեներալ եւ 28 բարձրաստիճան զինվորականներ։ Նրանցից 13-ի դեմ արդեն մեղադրանք է ներկայացվել, իսկ 6 հոգի էլ ստորագրությամբ ազատ են արձակվել։ Արդեն հարցաքննության են ենթարկվում 8 հոգի։
Թուրքական Taraf-ի կողմից հրապարակված փաստաթղթերի համաձայն՝ «Մեծ մուրճ» գործողությունների ծրագիրը իր մեջ ներառում էր եւս չորս ծրագրեր, որոնց արդյունքում պետք է ռազմական հեղաշրջում տեղի ունենար։ Զանգվածային ձերբակալությունների եւ ձերբակալման առիթ հանդիսացող փաստերի առնչությամբ արդեն մտահոգություն է հայտնել Եվրոպական Միությունը, իսկ ԱՄՆ-ը դեռեւս մեկնաբանություններ չի արել։



























