Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի նկատմամբ երեկ Գլխավոր դատախազության շենքի դիմաց տեղի ունեցած բռնության կապակցությամբ այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազ, արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական Գագիկ Խաչիկյանի որոշմամբ, քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով (ծեծ) եւ 164 հոդվածի 1-ին մասով (լրագրողի մասնագիտական գործունեությունը խորընդոտելը):
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին, երբ Գագիկ Շամշյանը գլխավոր դատախազության շենքի դիմաց նկարահանումներ է կատարել, նրա վրա է հարձակվել մի անծանոթ տղամարդ եւ հայհոյանքներ տեղալով սկսել է խփել Գագիկ Շամշյանի դեմքին եւ մարմնի տարբեր մասերի: Դա տեւել է մի քանի րոպե: Քաշքշուկը շարունակվել է 10-15 րոպե։ Միջադեպի մասին Գագիկը պատմել է կոլեգիայի նիստից հետո գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրավիրած ասուլիսում` նշելով, որ հասցրել է լուսանկարել բռնարարք կատարողին, որը մտել է դատախազության շենք:
Այսօր դատախազ Գագիկ Խաչիկյանն այս գործը հանձնարարել է Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Կենտրոնի քննչական բաժնին, որտեղ էլ սկսվել է նախաքննությունը: Ի դեպ, այսօր դատական փորձաքննության է ենթարկվել Գագիկ Շամշյանը:
NEWS.am-ի տեղեկություններով, Գ. Շամշյանին խոչընդոտողը եղել է Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի Էրեբունու քննչական բաժնի քննիչը (տես նկարը): Մեր տեղեկություններով, ոստիկանության Քննչական գլխավոր վարչության պետ, գեներալ մայոր Գագիկ Համբարձումյանի որոշմամբ ծառայողական քննություն է սկսվել:



























