Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հայտարարությունը, թե Բաքուն մտադիր է ռազմական գործողություններ սկսել ղարաբաղյան հակամարտության գոտում, ոչ այլ ինչ է, եթե ոչ Թուրքիային եւ ԵԱՀԿ Մինսկի խմբին հասցեգրված դիվանագիտական քայլ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Քաղաքական եւ տնտեսական վերլուծությունների ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների բաժնի վարիչ Սերգեյ Մարկեդոնովը։
Նրա խոսքով, նմանօրինակ հայտարարություններով Բաքուն ցանկանում է Անկարայի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ուշադրությունը հրավիրել ղարաբաղյան գործընթացի վրա, քանի որ բանակցություններում վերջերս պասիվություն է նկատվում։ «Բաքվի նմանօրինակ հայտարարությունները առաջին անգամ չէ, որ արվում են, եւ ինչպես ժամանակն է ցույց տվել, հիմքեր չունեն։ Աբիեւի վերջին հայտարարությունը եւս չի նշանակում, որ ղարաբաղյան հակամարտության գոտում վաղը պատերազմ կսկսվի»,- հայտարարել է Մարկեդոնովը։
Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը Ֆրանսիայի դեսպան Գաբրիել Կելլերի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե ղարաբաղյան հակամարտության հարցում Ադրբեջանը իրեն չի կարող թույլ տալ սպասել եւս 15 տարի, եւ այսուհետ խոսքը զինվորականներինն է։. «Եթե „օկուպանտ“ Հայաստանը չազատի մեր հողերը, Հարավային Կովկասում մեծ պատերազմն անխուսափելի կլինի»,- հայտարարել էր Աբիեւը։



























