«Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողություններ սկսելու մասին Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հայտարարությունն անթույլատրելի է»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Ստրատեգիա» հումանիտար-քաղաքագիտական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Սունգուրովը։

«Ի՞նչ կարելի է ասել. մարդը չի գիտակցում իր պաշտոնի կարեւորությունը եւ իր խոսքերի ողջ պատասխանատվությունը։ Հավանաբար այդ ընկերն իր տեղում չէ։ Սակայն միջազգային հանրությունը լուրջ չի վերաբերի նրա հայտարարություններին, քանի որ գիտակցում է, որ նա գիտակ չէ իր աշխատանքում»,- հայտարարել է Սունգուրովը։ Նա նաեւ ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմ սկսելն այսօր ձեռնտու չէ Ադրբեջանին։

Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը Ֆրանսիայի դեսպան Գաբրիել Կելլերի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտության հարցում Ադրբեջանը չի կարող իրեն թույլ տալ սպասել եւս 15 տարի, եւ այսուհետ խոսքը զինվորականներինն է. «Եթե „օկուպանտ“ Հայաստանը չազատի մեր հողերը, Հարավային Կովկասում մեծ պատերազմն անխուսափելի կլինի»,- հայտարարել էր Աբիեւը։