Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է ""Նոր ժամանակներ" կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն ընդդեմ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի եւ «Իրավունք» թերթի" գործով նախնական դատական նիստը: Արամ Կարապետյանը որպես հավելյալ ապացույց դատարանին է ներկայացրել «Իրավունք» թերթի մի քանի համարների պատճեններ, որտեղ դարձյալ հրապարակումներ կային իր մասին: Արամ Կարապետյանը պահանջում է դադարեցնել «Իրավունք» թերթի տպագրությունը:

Հիշեցնենք, որ Արամ Կարապետյանը դատարան է դիմել «Իրավունքում» լույս տեսած «Ընկ Փանջունու անկյունը» խորագրով հրապարակման կապակցությամբ, որտեղ գրված է եղել. «Ըստ ГРУ-ի` Արամ Կարապետյանը մարտի 1-2-ի կատարվածի մասին իր զեկույցի անգլերեն և հայերեն օրինակները փոխանցել է ԵԱՀԿ-ին, իսկ ռուսերենը` Մոսկվա»:

Դատական նիստը նախագահող դատավոր Ռուբեն Ներսիսյանը որոշել է նախնական դատական նիստն ավարտել եւ դատավարությունը նշանակել մարտի 11-ին: Այդ օրը Արամ Կարապետյանը պետք է ապացուցի այն հանգամանքները, որոնց արդյունքում պետք է դադարեցվի «Իրավունք» թերթի տպագրությունը, իսկ «Իրավունքը» պետք է ապացուցի, որ իր հրապարակած տեղեկատվությունը հոդված չէ:

Նկատենք, որ «Ընկ Փանջունու անկյունը» երգիծանքի ժանրով փոքրիկ հայտարարություններ կամ հումորային դրվագներ է ներկայացնում, որոնք որպես կանոն իրականությանը չեն համապատասխանում: