Վաշինգտոնի Ռազմավարական հետազոտությունների և միջազգային ուսումնասիրությունների Կենտրոնում (CSIS) տեղի է ունեցել «Հարավային Կովկաս. բաժանարար գծեր. անվտանգություն, էներգետիկա և ԱՄՆ շահերը» խորագրովխորհրդաժողովը, որը վարել է վերլուծաբան Յանուշ Բուգայսկին: Կոնֆերանսին մասնակցել են բազմաթիվ հեղինակավոր փորձագետներ ու գիտնականներ: Հայաստանի տեսակետները ներկայացնելու համար, որպես փորձագետ, հրավիրված էր Ժիրայր Լիպարիտյանը, որը սակայն, «եղանակի պատճառով», չի կարողացել ներկա գտնվել: Բոլոր հրավիրյալները Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի դասախոսներ են եղել եւ այս առիթը եւս օգտագործվել է կրկին անգամ հնչեցնելու Ադրբեջանի տեսակետները հայ-թուրքական եւ ԼՂ խնդիրների վերաբերյալ:
ՀՀ դեսպանությունը հանդես է եկել պատասխանով, որտեղ նշվել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ԼՂ խնդրի հետ կապելը անարդյունավետ է, քանի որ դրանք զուգահեռ գործընթացներ են, և մեկը մյուսի պատանդը դարձնելը կարող է տապալել երկուսն էլ:
Թուրքիայի դեսպանության ներկայացուցիչը կարծիք է հայտնել, որ Թուրքիայի բարիդրացիական հարաբերությունները Ռուսաստանի հետ կարող են դրականորեն ազդել տարածաշրջանի կայունության վրա, եւ հավելել, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը վտանգվել է ՀՀ ՍԴ որոշման պատճառով: Ի պատասխան ՀՀ դեսպանության ներկայացուցիչը հիշեցրել է, որ ՀՀ ՍԴ որոշումը դրվատանքով է ընդունվել թե ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ երկրների, թե ԵՄ կողմից և Թուրքիան չպետք է այն օգտագործի որպես մտացածին պատրվակ՝ արձանագրությունների վավերացումից խուսափելու համար:
ԱՄՆ ռազմական քոլեջի հետազոտող Սթիվեն Բլանկն իր ելույթում մի քանի անգամ ասել է, որ Թուրքիան պետք է խիզախություն ունենա իր պատմությունը վերագնահատելու և ընդունի 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, ինչպես դա արել են գերմանացիները՝ հրեաների նկատմամբ իրենց գործած հանցանքը ընդունելով:
Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Էլին Սուլեյմանովը, դուրս գալով քննարկումների համատեքստից, առիթն օգտագործել է, որպեսզի հիշեցնի Խոջալուի «ողբերգության» մասին, ինչին անդրադառնալով ՀՀ դեսպանության ներկայացուցիչն արձագանքել է, որ Ադրբեջանն է, որ ավելի վաղ, դեռ Խորհրդային Ադրբեջանում,1988-ին հեղինակել է Սումգայիթյան ողբերգությունը, որին հաջորդեցին 1991-ի Բաքվի, Կիրովաբադի և հայաբնակ այլ վայրերի հայկական բնակչության ջարդերը: Իսկ Խոջաուլի սպանդի մեղավորներին պետք է փնտրել հենց Ադրբեջանում, ինչն ապացուցող հարյուրավոր փաստեր կան, բացի դրանից՝ ադրբեջանցիների կողմից ներկայացվող բոլոր փաստագրական ապացույցները կեղծված են: Միաժամանակ, ՀՀ դեսպանության ներկայացուցիչն ավելացրեց, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի հայատյացության քարոզչությունը, իսկ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար որդեգրի կառուցողական քաղաքականություն:



















