Մայիսի 12-ին տեղացած կարկուտն ամբողջովին ոչնչացրել է Արմավիրի մարզի Բերքաշատ գյուղի բերքը; Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բերքաշատի գյուղապետ Հարություն Չվչյանը: Գյուղը գտնվում է հայ-թուրքական սահմանի մոտ, ունի 2 ինքնակառավարվող հակակարկտային կայան (այսինքն՝ այդ կայանները չեն կառավարվում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից):

«Այդ սեւ ամպը հենց մեր գյուղով մտավ հանրապետություն: 2 ժամ կայանները կրակել են, մեկ կայանը 1800 կրակոց է արձակել, բայց ամեն ինչ շատ արագ եղավ… 43 րոպե շարունակ կարկուտ էր գալիս, ես այդպիսի բան չեմ հիշում… Գյուղացու հողերը չոր ասֆալտ են դարձել»,- ասաց Հ. Չվչյանը: Նրա խոսքով՝ ծիրանենիների վրա բերքի միայն 5%-ն է մնացել, իսկ խաղողի այգիներն ընդհանրապես ավիրվել են: Գյուղ է ժամանել գյուղատնտեսության փոխնախարարներից մեկն ու խոստացել կառավարության օժանդակությունը:

Նշենք սակայն, որ հայ-թուրքական սահմանամերձ համայնքներում համեմատաբար քիչ են տուժել այն համայնքները, որոնք պաշտպանված են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայաններով; Այսպես՝ Վարդանաշենի գյուղապետ Արթուր Մաուկյանն ասաց, որ իրենց մոտ կարկուտը միայն վայրկյաններ է տեւել, հակակարկտային կայանները ժամանակին աշխատել են, գործնականում գյուղը վնասներ չունի: