Լիբիայի Բենգազի քաղաքում, այսօր՝ մայիսի 13-ին, ուժեղ պայթյուն է որոտացել, որին զոհ է գնացել 15 մարդ, եւս 30-ը վիրավորվել է: Այս մասին հաղորդել է Լիբիայի ՆԳ փոխնախարարը: Անվտանգության տեղի ծառայության տվյալներով՝ քաղաքի կենտրոնում գտնվողն ադ-Ջալա հոսպիտալի կողքին պայթել է ականապատված ավտոմեքենան, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով AFP-ն:
Վերջին ժամանակներս «հեղափոխության օրրան» հանդիսացող Բենգազիում անվտանգության ոլորտում իրավիճակն անհանգստություն է պատճառում արեւմտյան պետություններին:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերին ահաբեկիչները հարձակվել էին Բենգազիում ԱՄՆ հյուպատոսության վրա եւ սպանել ամերիկացի դեսպանին:
Այս տարվա հունվարին Ավստրալիան, Գերմանիան, Նիդերլանդները, Ֆրանսիան ու Շվեյցարիան կոչ են արել իրենց հայրենակիցներին լքել Բենգազին:




























