Ապրիլի 19-ին ժամը 11:40-ի սահմաններում N զորամասի մարտական դիրքում, հերթափոխը հանձնելուց հետո, նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Րաֆֆի Լեւոնի Մարաշլյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել է վաշտի հրամանատար, կապիտան Զ. Նազարյանը: ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել 110-րդ հոդվածի 1-ին մասի (ինքնասպանության հասցնել) հատկանիշներով, բայց նախաքննության ընթացքում վաշտի հրամանատար, կապիտան Զ. Նազարյանին մեղադրանք է առաջադրվել
Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաեւ իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, եւ եթե դրանք էական վնաս են պատճառել (գույքային վնասի դեպքում` հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)` պատժվում են ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով:
Կապիտանը ապրիլի 29-ին կալանավորվել է երկամսյա ժամկետով:
Նշենք, որ ապրիլի 19-ին ժամը 11.40-ի սահմաններում ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում դեռեւս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել եւ տեղում մահացել 1994թ. ծնված Րաֆֆի Լեւոնի Մարաշլյանը: ՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին ժամը 11:40-ի սահմաններում N զորամասի մարտական դիրքում, հերթափոխը հանձնելուց հետո, նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Րաֆֆի Լեւոնի Մարաշլյանն, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգից ծնոտի տակից ինքն իրեն հասցրել է հրազենային վիրավորում եւ մահացել: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 110 հոդ. 1-ին մասով /ինքնասպանության հասցնելը/ հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն: Կատարվել են դեպքի վայրի եւ դիակի արտաքին զննություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Րաֆֆի Լեւոնի Մարաշլյանի դիակի դատաբժշկական փորձաքննության ընթացքում իրականացված դիակի արտաքին զննությամբ, բացի հրազենային մարմնական վնասվածքից այլ վնասվածքներ (քերծվածքներ, արյունազեղումներ) չեն հայտնաբերվել: Դիակի վրա առկա է գլխի հրազենային գնդակային միջանցիկ վնասվածք: Վնասվածքի մուտքը՝ ստորկզակային պարանոցային հատվածի առաջային մակերեսից, ելքը՝ գլխի գագաթային շրջանից: Ր.Մարաշլյանի մահը վրա է հասել գլխուղեղի կենսական կարեւոր ֆունկցիաների սուր խանգարումից:




























