Լոռիի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՍՊ ընկերության տնօրենի կողմից հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ:

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Վանաձորի բաժնում նախապատրաստված նկութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2013թ. հունվարից մինչեւ մարտի 20-նն ընկած ժամանակահատվածում Վանաձոր քաղաքում գործող ՍՊ ընկերության տնօրենը Վանաձորի տարածքային հարկային տեսչություն է ներկայացրել արտոնագրային վճար վճարող համարվելու համար հարկման հիմք հանդիսացող հայտարարություններ, որոնցում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ է ներառել` նշելով միայն «Հանրային սնունդ»` 50քմ ելակետային տվյալների մեծությամբ եւ 52 500 դրամ վճարի չափով:

Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, թե 2013թ. մարտի 20-ին պարզվել է, որ ընկերությունն իրականացնում է ինչպես «Հանրային սննդի», այնպես էլ «Հեստապար եւ անհատական կամ համութային այլ ցուցադրումներ ունեցող» գործունեություն:

Բացի այդ, նշված ընկերության տնօրենը, խախտելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 85-րդ հոդվածի 1-ին կետի պահանջը, թվով 9 աշխատակիցների` հեստապարուհիների հետ աշխատանքային պայմանագիր չի կնքել եւ Վանաձորի տարածքային հարկային տեսչություն չի ներկայացրել հարկման հիմք հանդիսացող փաստաթղթեր` խուսափելով եկամտահարկի վճարումները կատարելուց:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Վանաձորի քննչական բաժնին: