Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ այսօր՝ մայիսի 13-ին շարունակվել է «Մենք մերոնցով» թերթի խմբագիր 51-ամյա Ալվարդ Աբրահամյանի եւ նրա ամուսնու` 56-ամյա Յուրա Սրապյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրգործով հերթական դատական նիստը: Ամբաստանյալների աթոռին նստած են Վաղարշակ եւ Հակոբ Աբաջյանները (հայր եւ որդի), հաղորդում է Aravot.am-ը: 

Դատավորը հրապարակել է սպանված Յուրա Սրապյանի մոր՝ Արմենուհի Ստեփանյանի, եւ եղբոր հայցադիմումները, որոնք գործով տուժողներ են: Նրանք պահանջում էին ամբաստանյալ Վաղարշակ Աբաջյանից համապատասխանաբար 12 հազար դոլարին համարժեք դրամ, 2 միլիոն 35 հազար դրամ, եւ 2 միլիոն 961 հազար դրամ, որպես գույքային վնաս:

Նախորդ դատական նիստին ցուցմունք էր տվել Վաղարշակ Աբաջյանը: Նա հայտնել էր, որ նախկինում եղել է ոստիկանության աշխատակից, 1996-ին դատապարտվել է 6 տարվա ազատազրկման սպանության փորձի համար: 2002թ-ին ազատվելով կալանավայրից, լրագրող Սուրեն Գեղամյանի հետ հիմնել է «Խաչակիրներ» ՀԿ-ն, որը զբաղվել է ռազմահայրենասիրական գործունեությամբ: Նրա միջոցով էլ Մամուլի շենքում ծանոթացել է «Մենք մերոնցով» թերթի խմբագիր, հանգուցյալ Ալվարդ Աբրահամյանի հետ:

Ըստ այս ցուցմունքի, իմանում է, որ Ալվարդը կապերի մեջ է եղել գործարար շրջանակների հետ: Նա մի անգամ դիմում է Վաղարշակ Աբաջյանին՝ հայտնելով, որ Ռուսաստանի գործարարներից մեկը՝ Զալո անունով, ցանկանում է էլիտար մանկապարտեզներ կառուցել, դրա համար պատրաստ է տրամադրել 50 000 դոլար գումար: Համատեղ որոշում են, որ ինքն էլ ներդրում կանի, եւ Ալվարդին է տրամադրում, առանց կողմնակի անձանց ներկայության, 15 000 դոլար, ապա 3500 դոլար: Հետագայում տեսնում է, որ Ալվարդը «սուտ գործերի» մեջ է, նա պահանջում է գումարը, եւ Ալվարդը իրեն պարտք է մնում 1,5 միլիոն դրամ գումար: Ամբաստանյալը ներկայացրել էր նաեւ Ալվարդի ամուսնուն՝ Յուրային իրենց տուն կանչելը, որտեղ ըստ այս ցուցմունքի, նա իմանում է կնոջ գումար վերցնելու եւ քայլերի մասին: Նա դատարանում ներկայացրել էր Յուրայի հետ Սեւան՝ խեցգետին ուտելու գնալը, ապա Յուրայի հետ վեճի մտնելու, ապա նրա դիակը թաքցնելու մասին:

Ի դեպ, Վաղարշակ Աբաջյանը հայտնել էր, որ երբ Յուրայի դիակը թաքցնում էր, տղան իր կողքին չի եղել:

Դատարանում հրապարակվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից անցյալ տարվա հոկտեմբերի 17-ին ուղարկված Վաղարշակ Աբաջյանի գրությունը, որն առգրավված նամակ էր, որը ամբաստանյալն ասաց, թե կնոջն է գրել: Այդ նամակում անդրադարձ կար Ալվարդ Աբրահամյանի դիակի զննության մասին, համաձայն որի ակնարկվում էր սեռական բռնության մասին, ինչի կապակցությամբ քննություն չի իրականացվել: Ի դեպ, հսկող դատախազն է եղել ՀՔԾ պետ նշանակված Վահրամ Շահինյանը: Այս գործով ոստիկանները բռնություններ են կիրառել ամբաստանյալ Հակոբ Աբաջյանի վրա, ինչի կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կա վարույթ: Դատական նիստը հետաձգվեց ամբաստանյալ Հակոբ Աբաջյանի համար բժիշկներ կանչելու, նրան ներարկելու եւ Վաղարշակ Աբաջյանի ճնշման բարձրացման պատճառով: