Փետրվարի 25-ին Թուրքիայի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության նախագահ Սելահաթին Դեմիրթաշը եւ կուսակցության այլ անդամներ այցելել են Իգդիր ու Բայազետ քաղաքներ եւ իրենց ելույթներում քննադատել թուրքական իշխանությունների կողմից իրականացվող հակաքրդական քաղաքականությունը:
Դեմիրթաշն Իգիր է այցելել հայտնելու իր աջակցությունը թուրքական ոստիկանության կողմից ձերբակալված Իգդիրի քաղաքապետ Մեհմեդ Նուրի Գյունեշին:
Դեմիրթաշը ելույթ է ունեցել հենց Իգդիրի քաղաքապետարանի դիմաց, որտեղ ասել է. «Քվեարկությամբ ընտրվածների հանդեպ պետք է հարգանք ցուցաբերել: Ցավոք, ընտրություններից անմիջապես հետո նախարար Ջեմիլ Չիչեքը հայտարարում է, որ քրդերը Իգդիրը վերցեցին ու Հայաստանի սահմանին հաստատվեցին: Երբ մենք Իգդիրում իշխանության չէինք, մի՞թե Իգդիրը Հայաստանի սահմանին չէր: Բայց հիմա սահմանին հաստատված ուրիշ բան կա, եւ այդ բանը մեր համբերությունն է: Իշխող „Արդարություն եւ զարգացում“ կուսակցությունը եւ Ջեմիլ Չիչեքը պետք է սա տեսնի»:
Այնուհետ Սելահաթին Դեմիթաշը եւ իրեն ուղեկցողները շարժվել են դեպի Բայազետ, որտեղ եւս հանդես են եկել ելույթով եւ նշել, որ քուրդ ժողովրդի կամքի ուժը մեծ է եւ չի տեղավորվի զնդաններում: Թուրքական լրատվամիջոցների ուշադրությունն է գրավել այն հանգամանքը, որ Դեմիրթաշի ելույթի ժամանակ նրա դիմաց եղել է PKK-ն խորհրդանշող դրոշը:
Ելույթից հետո Դեմիրթաշը եւ իրեն ուղեցող անձինք այցելել են հայկական պատմական Դարոյինքի բերդի հարեւանությամբ գտնվող Իսհաք փաշայի պալատ:
Սելահաթին Դեմիրթաշը սրանից մեկ օր առաջ եւս հանդես էր եկել թուրքական իշխանությունների հասցեին խիստ ելույթով: Բանն այն է, որ փետրվարի 23-ին Թուրքիայում ձերբակալվել է քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցության Դիարբեքիրի նահանգային կառույցի ղեկավար Ալի Այդընը։
Դեմիրթաշը Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը մեղադրել է քուրդ քաղաքական գործիչների հանդեպ դատական «ցեղասպանություն» իրականացնելու համար։ «Ամեն անգամ „Էրգենեկոնի“ գործով ձերբակալություններից հետո հավասարակշռությունը պահպանելու համար թուրքական իշխանությունը սկսում է քուրդ գործիչներին ձերբակալել։ Սակայն, թող „Արդարություն եւ զարգացում“ կուսակցությունը իմանա, որ այս իրադարձություններին զոհ դարձած քուրդ քաղաքական գործիչների համար հատուցելու է։ Մենք ուզում ենք, որ սա լավ իմանան»,-նշել է Սելահաթին Դեմիրթաշը։



















