Վրաստանում ութ մարդուց կազմված հատուկ քննչական խումբ է ստեղծվել՝ 2008թ. օգոստոսին ռուս-վրացական պատերազմի ընթացքում կատարված հնարավոր հանցագործությունները բացահայտելու համար: Խումբը ստեղծվել է գլխավոր դատախազ Արչիլ Քբիլաշվիլիի որոշմամբ:

Գործընթացը կղեկավարեն Գլխավոր դատախազության քննչական բաժնի պետի պաշտոնակատար Միրանդա Մելկաձեն եւ իրավական ապահովության բաժնի պետի տեղակալ Մեդեյա Ռոսեբաշվիլին, գրում է «Նովոստի-Գռուզիան»:

2008թ. օգոստոսի պատերազմի իրավական կողմը հետաքննող հատուկ քննչական խմբի ստեղծման մասին Վրաստանի գլխավոր դատախազը հայտարարել էր ապրիլի սկզբին:

Ավելի վաղ Բիձինա Իվանիշվիլին հայտնել էր, որ 2008թ. օգոստոսին Վրաստանի իշխանություններն ադեկվատ չեն գործել եւ չէր բացառել, որ նախագահ Սահակաշվիլիին եւս կարող են հարցաքննել այդ գործերը քննելու շրջանակում: